ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹ

«Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի  մշակութային  արժեքների  հանրահռչակման, օգտագործման  և  մարքեթինգի  բաժնի և  ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության նախաձեռնությամբ Աբովյան քաղաքի  Խաչատուր Աբովյանի  անվան  թիվ 1 ավագ  դպրոցի հետ համատեղ անցկացվել է «Բացահայտենք մարզի  պատմամշակութային  գանձերը»  խորագրով  ինտելեկտուալ  մրցույթ։ Դպրոցի բարձր դասարանների աշակերտներից կազմված «Ավրորա» և  «Նաիրի»  թիմերի  միջև մրցույթն անցկացվել է  լեփ  լեցուն դահլիճում. ներկա են եղել դպրոցի աշակերտներ, մանկավարժներ։ Երկու փուլով անցկացված մրցույթ-վիկտորինային ներկայացված  է եղել  50  հարցաշար,  բուռն պայքարի արդյունքում փոքր առավելությամբ հաղթել է «Նաիրի»  թիմը:

Մասնակից  թիմերին  ողջունել և շնորհավորել է դպրոցի  տնօրեն  Մետաքսյա  Բաբայանը,  ՊՄՊ  մարզային ծառայության գիտաշխատող  Ա.  Սեդրակյանը: Մրցույթի դադարներին ելույթ են ունեցել դպրոցի շնորհալի  երեխաները։

ՊՄՊ  ծառայության  պետ  Կամո  Հակոբյանը  Խ.Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի հետ երկար  տարիների  համագործակցության, ինչպես նաև արդյունավետ  կազմակերպված  միջոցառման  համար  ՊՈԱԿ-ի  պատվոգիր է հանձնել  կրթօջախին,  իսկ տնօրենին և մասնակից թիմերին՝ շնորհակալագրեր։ Թիմերի  ղեկավարները ստացել են  Մեծամորի  հնավայրի պեղումների, Գառնի  հեթանոսական  տաճարի  մասին պատմող բրոշյուրներ,  «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի  և մասնաճյուղերի  գործունեության   վերաբերյալ   ծալաթերթիկներ:

Ավարտին  կողմերը  պայմանավորվածություն են ձեռք  բերել  շարունակել  համագործակցությունը  և  երիտասարդ  սերնդին  հաճախակի  ընդգրկել  մշակութային  արժեքների  հանրահռչակմանն,  իրազեկմանն   ու  պահպանությանն  ուղղված  միջոցառումներին:

2017-11-18T02:05:11+00:00 16 / 11 / 2017|Լրահոս, Նորություններ|Comments Off on ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹ