ԲՈՒՍԱԾԱԾԿՈՒՅԹԻՑ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՒԹԸ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԱՍԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Ի կատարումն ՀՀ  Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությանը օրեր առաջ տրված հանձնարարականի,  կազմակերպության ՊՄՊ մարզային ծառայությունների, մասնաճյուղ արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցները կամավորների հետ միասին ձեռնամուխ են եղել հուշարձանների պատերին, տանիքներին ու  գմբեթներին աճած  բուսածածկի հատուկ եղանակով մաքրմանը: Մասնավորապես` Շիրակի մարզային ծառայությունը Անիպեմզա համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների,  մանկավարժների, Գյումրիի թիվ  Ն զորամասի ժամկետային զինծառայողների, համայնքի բնակիչների ու այլ  կամավորների  հետ միասին, պահպանելով հուշարձանի անխաթարությունը, համապատասխան աշխատանքներ է իրականացրել  բուսածածկույթով  հարուստ` 5-րդ  դարով  թվագրվող Անիպեմզա համայնքի Երերույքի Տաճարի և Գուսանագյուղ համայնքում  գտնվող  ԵԱԶ,  Հայրենյաց  համայնքի  Եկեղեցի «Կարմիր վանք», Բենիամին համայնքի ԵԱԶ, Հառիճ համայնքում գտնվող` Մատուռ /12-13դդ /, Խաչքար Միսակ Ճգնավորի, Տապանաքար Երեմիա երաժիշտի, Եկեղեցի Սբ. Հարություն  հուշարձանների տարածքներից:

Մինչ աշխատանքները սկսելը` մարզային ծառայության պատասխանատուները կամավորական խմբերին անվտանգության վերաբերյալ անհարժեշտ հրահանգավորումներ են տվել:

Բուսածածկույթի  հեռացման աշխատանքներից  առաջ  և  հետո մարզային ծառայության աշխատակիցներն արձանագրել են հուշարձանների վիճակը:  Նրանք դպրոցականներին նաև անհրաժեշտ տեղեկատվություն են տվել վերոնշյալ հուշարձանների մասին: Հուշարձանների մասին իրենց գիտելիքները հարստացրել են նաև ժամկետային զինծառայողները: Նրանց համար հուշարձանների պահպանությանը վերաբերող ճանաչողական բաց դաս է անցկացրել  մարզային ծառայության պետը` անդրադառնալով հատկապես դրանց նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքին ու անխաթար պահպանությանը: Նա կարևորել է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունն ու համոզմունք հայտնել, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:

Մեր սահմանների անվտանգության երաշխավորները` զինծառայողները,  նաև մշակութային ժառանգության պահապաններն են: Փաստն ապացուցելու կարիք չունի, քանի որ վերջինները մշտապես ակտիվ մասնակցում են հուշարձանների տարածքներում իրականացվող մաքրման, բարեկարգման աշխատանքներին: Նրանց աջակցութամբ ու մասնակցությամբ Գյումրի քաղաքի ուղղափառ Եկեղեցու տարածքից հեռացվել է բուսածածկույթը:

Եղանակային  անբարենպաստ  պայմանները` տեղացած  առաջին  ձյունը, չի խանգարել  Արագածոտնի  մարզային ծառայության աշխատակիցներին ևս բուսածածկույթից  մաքրելու մարզի  Ամբերդ,  Ուշի համայնքում գտնվող  Եկեղեցի ս. Աստվածածին,  Տեղեր  համայնքի` Վանական համալիր Տեղեր, Կարբի համայնքի` 11-13-րդ դարերով թվագրվող Եկեղեցի (Սողոյենց ժամ` ըստ տեղացիների անվանման),  Ուջանի` Մատուռ  ու  ևս  հինգ  այլ  հուշարձանները:

Մարզային ծառայությունների ու կամավորների աշխատանքները մյուս մարզերում ևս ընթացքի մեջ են:

2017-12-06T16:11:06+00:00 30 / 11 / 2017|Լրահոս, Նորություններ, Նորություններ|Comments Off on ԲՈՒՍԱԾԱԾԿՈՒՅԹԻՑ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՒԹԸ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԱՍԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ