ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ-ՍԵՄԻՆԱՐԻՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պալատական թանգարանի հրավերով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը  վերջերս  Պեկին քաղաքում մասնակցել  է  Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) սեմինարների կենտրոնի և Պալատական թանգարանի կազմակերպած աշխատաժողով-սեմինարին:

Սեմինարը կազմակերպվում է  2013 թվականից` տարեկան 2 անգամ, ապրիլ և նոյեմբեր ամիսներին, որին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ: Աշխատաժողով-սեմինարին մասնակցել են 17 ներկայացուցիչներ՝ Բուրկինա Ֆասոյից, Կոլումբիայից, Գվատեմալայից, Ինդոնեզիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ճապոնիայից, Քենիայից, Լիտվայից, Նեպալից, Սլովենիայից, Հարավային Աֆրիկայից, Հարավային Կորեայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, Վիետնամից, Զամբիայից և 16 մասնակից Չինաստանի տարբեր քաղաքների թանգարաններից:

Չինաստանի մասնագետներն անդրադարձել են Չինաստանում թանգարանային գործի կազմակերպմանը, Պալատական թանգարանի ցուցադրությունների առանձնահատկություններին:

Աշխատաժողովի բացման արարողությունից հետո զեկուցումով հանդես է եկել  ԻԿՕՄ-ի նախագահ տիկին Սուեյ Ակսոյը, ով լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել է Թանգարանների միջազգային խորհրդի կառուցվածքը, դերը, նշանակությունը և գործունեությունը:

Սեմինարի ընթացքում մասնակիցները համառոտ ներկայացրել են իրենց կազմակերպությունները և նրանց գործունեությունը: Սերոբ Հունանյանը նույնպես լուսապատկերային ցուցադրությամբ համառոտ ներկայացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  գործունեությունը, կազմակերպած մեծ միջոցառումները: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ՊՈԱԿ-ի մասին պատմող ծալաթերթերին:

ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Կանադայից հրավիրված մասնագետները խոսել են թանգարանների ցուցադրությունների զարգացման, դրանց գնահատման եղանակների, դրանք ինտերակտիվ դարձնելու, մարքեթինգի, բրենդավորման մասին: Դասախոսություններն ուղեկցվել են  գործնական խմբային աշխատանքներով և քննարկումներով:

Մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ «Արգելված քաղաք»` Մին և Քինգ դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ, որտեղ տեղակայված է Պալատական թանգարանը (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում), Չինաստանի ազգային թանգարան, Արքայական գաստրոնոմիայի թանգարան, Կայսերական Ամառային պալատ և Չինական Մեծ Պարիսպ (ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում) հուշարձանների տարածքներ: Պալատական թանգարանում ներկայացվել է «Արգելված քաղաքի»  պատմությունը, կազմակերպվել են էքսկուրսիաններ նաև այն սրահներում, որոնք դեռ փակ են այցելուների համար:

Միջոցառման փակման արարողության ժամանակ ընդգրկուն զեկուցումով հանդես է եկել Պալատական թանգարանի տնօրեն Շան Ջիքսիանգը (Shan Jixiang)` ներկայացնելով թանգարանի գործունեությունը, ձեռքբերումները, իրականացվող և ապագա ծրագրերը։

Պալատական թանգարանն այսօր աշխարհում ամենահայտնի և ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից է` տարեկան շուրջ 16 միլիոն այցելու: Այստեղ պահվում և ցուցադրվում են շուրջ 1,8 միլիոն ցուցանմուշ: Թանգարանն ունի գիտահետազոտական, ինովացիոն և կրթական կենտրոններ, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, զարգացած ենթակառուցվածքներ` սրճարաններ, սննդի կետեր, հուշանվերների խանութներ, արհեստանոցներ:

Աշխատաժողով-սեմինարի ավարտին մասնակիցներն ստացել են մասնակցության վկայականներ:

Ակտիվ և արդյունավետ համագործակցության համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Հունանյանն արժանացել է  շնորհակալական նամակի:

2017-12-06T15:09:46+00:00 30 / 11 / 2017|Լրահոս|