ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի ջանքերով Եղեգնաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է «Վայոց ձորի միջնադարյան հին ու նոր գտածոներ» խորագրով միջոցառումը:  Այն անցկացվել է Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը: ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ, ինչի վառ վկայությունը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարուստ հավաքածուն է, որտեղ ընդգրկվել են ոչ միայն պեղումների արդյունքում, այլև գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված առարկաներ։ 

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները, 40-ից ավելի ուսանողներ, ուսուցիչներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարուստ հավաքածուին՝ նախ լուսանկարների միջոցով, ապա` արդեն թանգարանում տեսնել  ուշագրավ առարկաները։  Ներկայացվել են Վայոց ձորի տարածքից գտնված 10-17-րդ դարերի կավից պատրաստված առարկաներ Եղեգիս քաղաքի ավերակներից գտնված ջրաման (10-11-րդ դդ.), քրեղաններ (12-13-րդ դդ.), կաթնաման (13-14-րդ դդ.), Հոստունի պեղումներից գտնված ջրատար խողովակ  (13-14-րդ դդ.), սկուտեղ (13-14-րդ դդ.), եռանկյունաձև  ճրագաման  (16-18-րդ դդ.), Գլաձոր գյուղից գտնված կուժ (12-13-րդ դդ), Արկազի Ս․ Խաչ եկեղեցու հարակից մշակովի տարածքից գտնված կանթեղ- խնկաման (11-12-րդ դդ.), Վայոց ձորի  քարանձավներից մեկից գտնված  տրեխ (17-րդ դ.), Եղեգնաձորի Քյոշկ ամրոցի տարածքից գտնված ծխամորճ (15-17-րդ դդ.),  ջնարակված ափսե (12-13-րդ դդ.) և այլն։

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակից Կարինե Ստեփանյանը և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը խոսել են այդ առարկաների պատմամշակութային նշանակութայն մասին, հիշել հետաքրքիր մանրամասներ։

 

 

2017-12-01T09:30:02+00:00 01 / 12 / 2017|Լրահոս, Նորություններ|