ԳԱՌՆԻԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՎԱՀԱՆԱԿԸ ԿՊԱՏՄԻ ՆԱԵՎ ԱՅԼ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տևական ժամանակ է բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Նպատակը արգելոց-թանգարանի տարածքն ավելի ներկայանալի  դարձնելն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  փոխվել է սալահատակը, որը դարձել է հարմարավետ նաև սայլակավոր հաշմանդամների համար, անցկացվել է ջրագիծ: Աշխատանքները շուտով կավարտվեն ու «Գառնին»  այցելուներին  կներկայանա  առավել  գեղեցիկ ու  հրապուրիչ:

«Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տեղակալներ Կարեն  Փահլևանյանը  և  Սյուզաննա Սարգսյանը հերթական  անգամ  Գառնիում էին` տեղում  ծանոթանալու աշխատանքների ներկա վիճակին:

Արգելոց-թանգարանի այցելուների համար հետաքրքիր նորամուծություն կա: Հենց մուտքի մոտ տեղադրվել է 2,75 մ երկարությամբ և 1,4մ լայնությամբ ցուցավահանակ (պատրաստվել է  GMS կազմակերպության կողմից):

Ցուցավահանակի վերևի մասում տեղադրված էկրանին  շուրջ  վեց րոպե  տևողությամբ  տեսահոլովակը, ազգային երաժշտության հնչյունների ներքո, այցելուներին ներկայացնում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս  արգելոց-թանգարանները: Ցուցավահանակի էկրանից ներքև գտնվող  հատուկ գրպանիկներում տեղադրված են  Հայաստանի  24  թանգարանների, արգելոցների  ու արգելոց-թանգարանների` «Զվարթնոց»-ի, «Ամբերդ»-ի,  Կոմիտասի թանգարան ինստիտուտի, Արամ Խաչատրյանի տուն թանգարանի և մյուսների  մասին  պատմող  ծալաթերթիկներ (ֆլայերներ):  Գառնի հեթանոսական տաճարի մասին հիշողություններից  բացի այցելուներն իրենց հետ կտանեն նաև մեր պատմամշակութային այլ  օջախների վերաբերյալ  տեղեկույթ: Նախաձեռնության  նպատակը  զբոսաշրջիկին մի թանգարանի միջոցով  դեպի մյուս թանգարաններ  ուղղորդելն  է` ապահովելով  մեր երկրի  մշակույթի ու պատմության  մասին  հետաքրքիր  տպավորություններ:

Նորամուծությունը չվիրպեց  օտարերկրացի զբոսաշրջիկների աչքից: Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից  ու  Չինաստանից առաջին անգամ Հայաստան  ժամանած  զբոսաշրջիկները  հետաքրքրվեցին  ցուցավահանակում  ներկայացված  թանգարաններով, ապա, իրենց հետ վերցնելով  մի  քանիսի  մասին պատմող ծալաթերթերը,  խոստացան այցելել  նաև այլ  թանգարաններ:  Նրանք կիսվեցին Գառնիի մասին իրենց տպավորություններով` ասելով, որ հիացած են հեթանոսական տաճարի ճարտարապետական շքեղությամբ: