ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբերի  8-ին, ժամը 10:00-ին   «Իմպերիում պլազա »   հյուրանոցի  դահլիճում  (հասցեն` Երևան, Ամիրյան 4/7),  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  կանցկացվի  Մխիթարյան միաբանության  Վենետիկի  Սուրբ  Ղազար  կղզի  մուտք  գործելու  300  ամյակին  նվիրված  գիտաժողով:  Զեկուցումներով  հանդես  կգան  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար,  պատմական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Աշոտ  Փիլիպոսյանը, Վենետրիկի  Մխիթարյան  միաբանության  Հայր  Սերոբ  վարդապետ Չամուռլյանը,  ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դասախոս Ռուզաննա Մկրտչյանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ.գ.թ.  Արմեն  Աբգարյանը, այլք:  Կներկայացվի  հայ  պատմության, մշակույթի, արվեստի, դպրության նաև հայոց  լեզվի ու հավատքի  հիմնավոր  ուսումնասիրության կարևորագույն կենտրոնի վերածված Մխիթարյան միաբանության  նվիրյալների  ծավալած  ազգանվեր  գործունեությունը:

Նույն օրը` ժամը  15:30-ին  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց  թանգարանում  կբացվի  «Կղզյակ, որ մեզ ետուր արև» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կներկայացվի Վենետիկում  Մխիթարյանների նախաձեռնությամբ  տպագրված 15 անուն  գիրք ` «Հուշիկք»,  «Այրարատ»,  «Սիսական»,  «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» և այլն,  Քյոթահիայի /Կուտինա/ հախճապակե  իրեր:  Կցուցադրվի նաև մեծանուն  գրող  Ավետիք  Իսահակյանի տուն թանգարանի հավաքածուից  մի  պատառիկ` Մխիթարյաների`  Իսահակյանին  նվիրած   հուշամեդալը, Իսահակյանի երկու լուսանկար` Մխիթարյան հայրերի հետ Մխիթարյան միաբանությունում, Ղ.Ալիշանի մակագրությամբ իր լուսանկարը, որը նվիրել է  Իսահակյանին: Գրականության և արվեստի  թանգարանի հավաքածուից`  Մխիթարյան միաբաններից  Ղ.Ալիշանի ինքնագիրը, Արսեն Բագրատունու լուսանկարը (գրավյուրա) և  օրագիրը  (բնօրինակը): Միաբանության  բազմաբեղուն գործունեության մասին կպատմեն նաև Երևանում գործող Մխիթարյան ճեմարանի տրամադրած լուսանկարները:  Միջոցառումը  կուղեկցվի  Մխիթարյան միաբանության  300- ամյա  գործունեության մասին պատմող ֆիլմի  ցուցադրությամբ։  Ցուցահանդեսի բացմանը  Մ. Սեբաստացու  շարականների կատարումներով հանդես կգա  ՀՀ  վաստակավոր  արտիստ  Մագդա  Մկրտչյանը: