ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ուժն է ծնում իրավունքը»  (Գարեգին Նժդեհ)

Ստեփանակերտի կենտրոնական  մասում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում է գտնվում «Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան»-ը, որը  հիմնադրվել է 2002թ. «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության  և անմիջականորեն նրա նախագահ Գալյա Առստամյանի  նախաձեռնությամբ: Նրա որդիները 1990-ականներին մասնակցել են արցախյան հերոսամարտին: Կրտսերը` Գրիգորը, 1992 թ.  նոյեմբերի 19-ին զոհվել է թեժ մարտերի ընթացքում: Որդու մահից հետո  Գ. Առստամյանը որդեկորույս  մայրերի հետ  հավաքել ու մեկտեղել են արցախյան ազատամարտում զոհված  քաջորդիների  լուսանկարները, նրանց մասին արխիվային նյութերը, փաստաթղթերը:

Թանգարանի երեք սրահների պատերին փակցված են  3355 քաջարի զինվորների լուսանկարներ, տեղ են գտել  անձնական իրեր, պատերազմի դաշտից հարազատներին ուղարկված նամակներ, շքանշաններ, ինքնաշեն զենքեր, ինքնաթռի մի կտոր, երաժշտական գործիքներ, համազգեստներ, որոնց վրա  մնացել են թշնամու  գնդակների հետքերը, պատերազմական լուսանկարներ, ղարաբաղյան պատերազմի բովով անցած ինքնաշեն երեք թնդանոթ, մեկ «Գրադ» կայան, դաշտային հեռախոս, փամփուշտներից  ծակծկված փաստաթղթեր, մարտական քարտեզներ: Թանգարանում պահվող յուրաքանչյուր ցուցանմուշ իր տխուր պատմությունն ունի, որոնցից ամենահուզիչը նորապսակ զույգի հարսանեկան  հագուստն  է`որպես հարգանքի  ու խոնարհումի դրսևորում բոլոր այն քաջարիների հիշատակին, ովքեր չհասցրին ընտանիք կազմել: Լուսանկարներից այցելուներին նայող նրանց  կենդանի հայացքները  կարծես  հուշում են` հաղթել են ոչ միայն պատերազմում, այլև  մահվանն են հաղթել ու  անմահացել:

Թանգարանում  տեղ է գտել նաև 12-ամյա հերոս Հրայրի լուսանկարը: Նա զոհվել է զինվորներին փամփուշտ  տանելու ճանապարհին: Թշնամու գնդակից  զոհվել են նաև Հրայրի հայրն ու եղբայրը: Գալյա Առստամյանի նախաձեռնությամբ հրատարակվել է Արցախյան ազատամարտի  7000  զոհված հերոսների, թանգարանում տեղ գտած  ցուցանմուշների մասին  պատմող  900  էջանոց  գիրք:

 

Տարիներ առաջ տիկին Գայլայի  անսպասելի մահը ցնցեց  բոլորին, սակայն թանգարանի դռները մեկ օր անգամ չփակվեցին: Նրա գործն այսօր շարունակում է որդին՝ Արթուր Առստամյանը:

Իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած քաջարիների սխրագործության մասին թանգարանի այցելուներին, այդ թվում նաև  ժամկետային զինծառայողներին, պատմում է թանգարանի տնօրենը:

«Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան»-ի այցելուները Արցախյան ազատամարտի պատմությանը հնարավորություն ունեն ծանոթանալու նաև աուդիո գիդի միջոցով (հինգ լեզուներով):

Թանգարանը  շատ այցելուներ է ունենում: Հիշողությունների մատյանում գրառում կատարած օտարերկրացիների թիվն էլ տպավորիչ է (40 երկրից):  Նրանք թանգարանից հեռանում են իրենց հետ տանելով  նաև օտար լեզվով տպագրված ու Արցախյան ազատամարտին նվիրված գրքեր:

2017-12-06T16:53:33+00:00 06 / 12 / 2017|Լրահոս|