ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գործակցության եզրեր է ուրվածգում Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ: Իր գործունեության 62 տարիների ընթացքում կրթօջախը Միջին Արևելքում գիտակրթական, դաստիարակչական գործունեություն է իրականացրել: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության և Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես»-ի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Նախատեսվում է 2018 թ. Մեծամորի հնավայրի տարածքում իրականացվող պեղումների դաշտային աշխատանքներին մասնակից դարձնել Հայկազյան համալսարանի ուսանողներին, հանդեսի միջոցով հանրահռչակել   Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, աջակցել  Լիբանանի հայկական մշակույթին առնչվող հուշարձանների կատալոգի ստեղծմանը, փորձի փոխանակման միջոցով մեթոդական օգնություն ցուցաբերել սփյուռքի գործընկերներին:

Համագործակցության ուղղությամբ առաջին քայլերն արված են: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Հայկազյան համալասարանի ֆինանսավորմամբ մեկ ամիս ազգագրական- հետազոտական աշխատանքներ է իրականացրել Լիբանանի հայկական Այնճար գյուղում: Նրա հավաքած նյութը վերաբերել է բնակավայրի կազմավորմանը, հայկական արմատներին, ինչպես նաև Այնճարի հայերի ավանդույթներին ու կենցաղին: Մուսալեռցիների ժառանգները Այնճարում 15 հուշարձան են կառուցել. Մուսա լեռան հերոսամարտը հավերժացնող հուշարձանը, երեք եկեղեցիները, հերոս մուսալեռցիների կիսանդրի-հուշարձանները ու ջրաղաց հուշարձանը: Խ. Գրիգորյանը զրուցել է գյուղի բնակիչների հետ, լսել նրանց պատմությունները, արձանագրել փաստագրական տվյալներ:

Ի դեպ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտաշխատողը նախատեսում է այս հետազոտությունները հետագայում ամփոփել թեկնածուական ատենախոսության մեջ:

 

 

 

 

 

2017-12-26T13:18:48+00:00 15 / 12 / 2017|Լրահոս|