ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

2017 թվականի տարեկան աշխատանքների արդյունքներն են ամփոփվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում: Զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները, ովքեր խոսել են հուշարձանների պահպանության ընթացքում ծագող խնդիրների` պահպանական գոտիների բացակայության, անճշտությունների, իրավախախտումների` գանձագողության ու գանձախուզության դեպքերի, Տեղական Ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մասին: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել  է 22 իրավախախտման դեպք` հատկապես Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում։

Մարզային ծառայություների պատասխանատուները խոսել են նաև առավել վտանգված հուշարձանների մասին: ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, հաշվետվությունները ընդունող հանձնաժողովի նախագահ Կարեն Փահլևանյանը ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել է ներկայացնել յուրաքանչյուր մարզից հրատապ վերականգնման կարիք ունեցող մեկական հուշարձանի տվյալներ:

 

Պահպանական գոտիների բացակայության պատճառով մարզային ծառայության աշխատակիցները դժվարությամբ են կարողանում կանխել հուշարձանների տարածքներում առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարական աշխատանքները: Որքան էլ տարօրինակ է` այդ ապօրինություններին երբեմն «նպաստում» են նաև համայնքների ղեկավարները, ովքեր հավասարապես  պատասխանատու են մշակութային ժառանգության պահպանության համար: Հաշվետվություններն ընդունող հանձնաժողովի նախագահը հանձնարարել է առավել հետևողական ու զգոն լինել այդօրինակ խնդիրների նկատմամբ, օպերատիվ արձագանքել իրավախախտումներին, ակտիվ համագործակցել  նաև իրավապահների հետ:

Նախնական տվյալներով ՊՈԱԿ-ի արգելոցներում և արգելոց-թանգարաններում  2017 թ. այցելուների թվի 50 տոկոս աճ է արձանագրվել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ):

 

 

«Հաջորդ տարի Երևանում նախանշված է անցկացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը: Այդ համատեքստում նախատեսված է  հայերեն ու ֆրանսերեն ցուցանակներ տեղադրել  Գառնիում, Զվարթնոցում և Ամբերդում: Թե քանի ցուցավահանակ կուղղորդի այցելուին արգելոց-թանգարաններից յուրաքանչյուրում կորոշվի հետո, սակայն, դրանք անպայման լինելու են նաև գիշերային լուսավորությամբ», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

 

Հաշվի առնելով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի  ծանրաբեռնված աշխատանքը` ՊՈԱԿ-ի տնօրենությունը որոշել է համալրել  աշխատակազմը: Նորամուծությունների շարքում կլինի նաև մուտքի մոտ արգելափակոցի տեղադրումը, ինչը կնպաստի արգելոց-թանգարան մուտք գործելու քաղաքակիրթ սպասարկման մշակույթի ձևավորմանը: Ուշադրության կենտրոնում կլինի նաև զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատանքը: Նշենք, որ «Գառնի»-ում ներկայում բարեկարգման աշխատանքներ են ընթանում:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն այս տարի 16 000-ից ավելի այցելու է ունեցել: Մուտքն ազատ է, արգելոցն էլ ենթակառուցվածքների զարգացման խնդիր ունի: ՊՈԱԿ-ի տնօրենությունը տեղեկացրել է, որ այս առումով մոտեցող տարում հսկայական անելիքներ կան: 2018-ը մասշտաբային ծրագրերի իրականացման տարի է լինելու ՊՈԱԿ-ի համար: Գործադրի որոշմամբ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների թիվն ավելացել է երկուսով`«Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցներով: Հաջորդ տարի նախատեսվում է, որ այս շարքը կհամալրեն «Բջնի» ու «Սմբատաբերդ» արգելոցները: Վերոնշյալ ենթակա ստորաբաժանումների, ինչպես նաև «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի համար զարգացման հեռանկարային ծրագրեր կիրականացվեն` ենթակառուցվածքների զարգացում, տոմսային տնտեսության ձևավորում և այլն:

«Անելիքները շատ են, համոզված եմ, որ թիմային աշխատանքի ու  պատասխանատվության դեպքում անպայման հաջողություն կունենանք», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը:

 

 

 

DCIM125GOPRO

Հայաստանի ամենագեղեցիկ  հուշարձաններից մեկը` «Զորաց քարեր»-ը  տարվա ընթացքում  28. 000 այցելու է ունեցել: Բարեկարգված ճանապարհի դեպքում պատկերն այլ կլինի: Համաշխարհային բանկը պատմամշակութային արգելոցի հարակից  տարածքում գալիք տարի նախատեսում է որոշակի ծրագրեր իրականացնել, սակայն, դրանում չի ներառվել դեպի հուշարձան տանող շուրջ 320 մետր ճանապարհի բարեկարգումը: Կ. Փահլևանյանը տեղեկացրել է, որ խնդիրը ՊՈԱԿ-ի տնօրենության ուշադրության կենտրոնում է:

 

DCIM100MEDIA

 

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն էլ առաջարկել է ցուցանակ տեղադրել հուշարձանի տարածքում պեղված դամբարանի մոտ, ինչպես նաև դամբարանի համալիրի առկա վիճակը չխաթարելու նպատակով եզրաթելերով սահմանազատել այն:

 

 

«Զբոսաշրջիկների ուշադրությունից չի վրիպել նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որն այս տարի աչքի է ընկել բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացմամբ։  «Ես տիեզերքի մի մասնիկն եմ» կրթական ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններում աստղագիտությամբ հետաքրքրվողների համար  աստղադիտումներ են կազմակերպվել։ «Մեծամորում» դպրոցականների համար իրականացվել է նաև «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագիրը, որը շարունակական կլինի:

Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել  նաև մյուս արգելոցներում ու արգելոց թանգարաններում, մարզային ծառայություններում:

Ամփոփելով 2017 թ. իրականացված աշխատանքները ՊՈԱԿ-ի տնօրենությունը հստակ հանձնարարականներ է տվել՝ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուներին` ի հայտ եկած թերությունները շտկելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, ուսումնասիրելու և որպես իրավախախտում արձանագրելու հուշարձանների պահպանական գոտիների հաստատումից հետո տարածքներում իրականացված հուղարկավորությունների դեպքերը: Հանձնարարվել է նաև հուշարձանների տարածքներում իրականացվող բարեկարգման, նաև` բուսածածկույթից մաքրման աշխատանքներին ներգրավել կամավորների:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների աշխատանքների մասին գնահատականները հաշվետվությունը ընդունող հանձնաժողովը կներկայացնի ՊՈԱԿ-ի տնօրենի հաստատմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-01-17T11:08:13+00:00 21 / 12 / 2017|Լրահոս|