ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 171 ԴՊՐՈՑՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման և մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման ու մարքեթինգի բաժիները, Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի հետ համատեղ,  կազմակերպել են Մխիթարյան միաբանության Սբ Ղազար կղզում հաստատվելու 300 ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում:

Ցուցահանդեսի ընթացքում պաստառների միջոցով ներկայացվել է Մխիթարյան միաբանության բազմաբնույթ գործունեությունը՝ հայագիտություն, թարգմանչական գործ, տպագրություն, թատրոն և այլն։

Մեկ շաբաթ տևած ցուցադրությունն ամփոփվել է «Մխիթարյան միաբանություն. 300 ամյակ» խորագրով հետաքրքիր միջոցառմամբ, որի նախաձեռնության հեղինակները 171 հիմնական դպրոցի ուսուցիչներն են եղել։ Նրանցից յուրաքանչյուրն անդրադարձել է տարբեր բնագավառներում Մխիթարյանների 300-ամյա հարուստ գործունեությանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Մխիթարյանների գործունեության մասին պատմող դպրոցի պատրաստած լուսապատկերային ցուցադրությունը։

Միջոցառման ավարտին ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ  էլմիրա Եսայանը շնորհակալություն են հայտնել դպրոցի տնօրենությանը՝ բովանդակալից և հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար, աշակերտների և ուսուցիչների հետ զրուցել են ստացած տպավորությունների մասին։

Ելույթով հանդես է եկել նաև դպրոցի տնօրեն Ա. Սաֆարյանը, ով շնորհակալություն է հայտնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին  արդյունավետ համագործակցության  և ուսանելի միջոցառում նախաձեռնելու համար: Նա հույս է հայտնել, որ կրթօջախի հետ համագործակցությունը կդառնա ավանդական և նմանօրինակ միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն։

2018-02-06T16:00:44+00:00 22 / 01 / 2018|Լրահոս|Comments Off on ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 171 ԴՊՐՈՑՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ 300 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ