ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՊԵՏ ՄՈՄԻԿԻ ՍԻՐՈ ԼԵԳԵՆԴԸ

Միջնադարյան հայտնի վանական համալիրը` Նորավանքը գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (ներկայում` Վայոց ձորի մարզում)։ Հայոց պատմության մեջ այս գավառի քաղաքական դերը բարձրանում է հատկապես 13-14-րդ դարերում։ Սյունիքում` Օրբելյանների օրոք, ծաղկում են ճարտարապետությունը, արվեստը և գիտությունը։ Ձևավորվում են միջնադարյան հայտնի կենտրոններ, որոնք նշանակալից են ոչ միայն պատմական այդ ժամանակաշրջանի, այլև ամբողջ Հայոց պատմության համար: Վայոց ձորում հիմնադրվում են հատկապես նոր եկեղեցիներ, վանական համալիրներ, որոնցից, անշուշտ, ամենանշանակալին Ամաղուի Նորավանքն է։

Ենթադրվում է, որ մեզ հայտնի Նորավանքը կառուցվել է միջնադարյան մենաստանի տեղում։ Նախքան Օրբելյանները Նորավանքում վանական միաբանության հիմնադրման մասին են խոսում պատմական բազմաթիվ փաստեր։ Երբ 1211թ.-ին հայ-վրացական միացյալ բանակն ազատագրում է Վայոց ձորը, այստեղ հաստատվում են Օրբելյանները և նրանց իշխանությանն է հանձնվում Վայոց ձորի գավառն ու Նորավանքը։ Ամաղու Նորավանքի հիմնադրման տարեթիվը համարվում է 1221 թ.-ը։

Արենիի Ս.Աստվածածինն ավարտելուց անմիջապես հետո, Օրբելյան իշխանների հանձնարարությամբ, Մոմիկն սկսում է վերակառուցել երկրաշարժից տուժած Նորավանքի գլխավոր եկեղեցու արևմտյան գավիթը, որտեղ էլ տեղադրված են հեղինակի անձեռակերտ պատկերաքանդակները: Մեր օրերում ևս շարունակում է մեծ հռչակ վայելել գավթի մուտքի բարավորի Հայր Աստծու պատկերաքանդակը` իր փառահեղ մորուքով, խոշոր, ձվաձև աչքերով, գանգուր մազերով, աջ ձեռքը օրհնության համար վեր բարձրացրած, իսկ ձախով` կրծքի մակարդակին ադամորդու գլուխը պահած: Մասնագետներից ոմանք գտնում են, որ դա Ադամի ստեղծման տեսարանն է: Հայր Աստծո մարդակերպ պատկերագրությունը ևս աննախադեպ է և հենց դրանով էլ առավելապես ընդգծվում է գավթի քանդակագործի անկրկնելի տաղանդը: Մոմիկն, իր ամբողջ հմտությունը և փորձը գործի դնելով, փաստորեն կառուցում է նոր գավիթ` այն զարդարելով մեծարժեք քանդակներով:

Իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելոն հատուկ ուշադրություն է դարձրել Նորավանքի գլխավոր մուտքերից մեկի ճակատային զարդաքանդակին՝ այն համարելով բացառիկ տեսարանային լուծումներ ունեցող հատված, ինչը հատուկ է Վայոց ձորի ճարտարապետական դպրոցին։

Անդրադառնալով Վայոց ձորում գտնվող Նորավանքին, Նովելլոն գտնում էր, որ այդ վանական համալիրը կարծես առանձնացած մի կառույց է, որը գտնվում է ամայի ձորի հարավային լանջերին, գրեթե ձուլված այն շրջապատող բնությանը՝ չկորցնելով իր վեհությունն ու շքեղությունը։ Այդպես հաճախ է հանդիպում հայկական ճարտարապետության մեջ․ մարդու կառուցածը, միանալով բնության ստեղծածին, «բնական» ճարտարապետությունը դարձնում է ավելի ամբողջական ու կատարյալ։

Մոմիկը մահացել և թաղվել է Նորավանքում: Նրա աշակերտները համեստ մի խաչքար են կանգնեցրել իրենց մեծատաղանդ վարպետի գերեզմանին` հետևյալ արձանագրությամբ. «ՀԻՇԵԱ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՈՒԱԾՄՈՄԿԱ ՀՈԳԻՆԵՎ ՈՂՈՐՄԵԱ ԹՎ ՉՁԲ» (1333թ.):

2018-01-25T14:29:37+00:00 25 / 01 / 2018|«Արփի» բնապատմական արգելոց, Լրահոս, Հուշարձաններ|Comments Off on ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՊԵՏ ՄՈՄԻԿԻ ՍԻՐՈ ԼԵԳԵՆԴԸ