ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՊԱՊԻԿ

Կան  մարդիկ, որոնց ներկայությունն այս կամ այն ոլորտում արդեն կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ լինելու կամ տարիների փորձի, այլ ուղղակի մարդկային տեսակի պատճառով։Մի տեսակ, որ հատուկ է միայն հատուկ մարդկանց, նրանք այդպիսին են ու վերջ։ Սիրում են իրենց գործն այնպես, որ կարող են ներդնել ոչ միայն մասնագիտական  ունակություններ, այլև նվիրվել ամբողջ հոգով՝ անկախ այն բանից դա մանկավարժի աշխատանք է, շրջխորհրդի գործկոմի նախագահի, թե հուշարձանի պահապանի։

Խոսքը մի մարդու մասին է, ով իր աշխատանքային կենսագրությունն սկսել է կերտել շատ երիտասարդ հասակից։ Այսօր արդեն 75-ամյա մեր զրուցակիցը ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետն է, բայց մինչև հուշարձանների պահպանության ոլորտում նրա աշխատանքին անդրադառնալը, հետ շրջենք պատմության անիվն ու հասնենք 1966 թ.-ը։

 

 

Հենց 1966 թ․ է Վրեժ Հաջյանն ավարտում Խ.Աբովյանի անվան Պետական  մանկավարժական ինստիտուտի (այժմյան ՀՊՄՀ ) պատմության  ֆակուլտետը, այնուհետև` գործուղվում Սպիտակ քաղաք և աշխատում երկրորդ միջնակարգ դպրոցում  որպես ուսուցիչ։ 1968թ.-ին նշանակվում է կոմերիտմիության շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար, մի քանի ամիս անց հեռանկարներ ունեցող ակտիվ երիտասարդն անմիջապես նկատվում է, սակայն կոմերիտմիության կեղծ կարգախոսներն ու սկզբունքները հիասթափեցնում են երիտասարդ Հաջյանին և,  հակառակ  կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարի զարմանքին ու հորդորներին, նա հրաժարվում է այդ աշխատանքից ու վերադառնում մանկավարժական գործունեությանը։ Որպես տնօրեն աշխատանքի է անցնում Սպիտակի երեկոյան դպրոցում։

1971-1973 թթ. նշանակվում է Լուսավորության աշխատողների շրջկոմի նախագահ: 1973-ին նշանակվում է Սպիտակի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչ, 1978 թ.-ին տեղափոխվում է կոմունիստական կուսակցության Սպիտակի շրջկոմ՝ որպես կուսակցական կազմակերպչական բաժնի վարիչ։ 1985 թ․-ին նշանակվում է Ժողովրդական վերահսկողության Սպիտակի շրջանային կոմիտեի նախագահ։ 1987 թ.-ին ընտրվում է Սպիտակի շրջխորհրդի գործկոմի նախագահ և աշխատում մինչև 1991թ.-ը։  Հենց այս ժամանակահատվածում է, որ նրա կյանքում ճակատագրական շրջադարձեր են տեղի ունենում։ 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժը դառնում է նրա կյանքի ամենաողբերգական էջը. կորցնում է կնոջը, եղբայրներին։ Անձնական վիշտը ծանր էր, սակայն գործկոմի նախագահի ուսերին ամողջ Սպիտակի բնակչության անդառնալի կորուստները սփոփելն ու կյանքի բնականոն ընթացքին վերադարձնելու պատասխանատվությունն էր։

1988-ին  Վ․ Հաջյանը գլխավորում էր Ադրբեջանի հայ փախստականներին հայրենիքում հաստատվելու աշխատանքները կազմակերպող տեղական հանձնաժողովը և երկրաշարժից րոպեներ առաջ ավարտված հերթական նիստից հետո չի էլ հասցնում դուրս գալ աշխատավայրից ու ինքն էլ մյուսների հետ մնում է փլատակների տակ։ Երեք ժամ անց նրանց հանում են, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չի ունենում։ Կնոջը հուղարկավորելուց որոշ ժամանակ հետո գործկոմի նախագահին առաջարկում են Սպիտակից  տեղափոխվել, բայց չի համաձայնվում։ «Կնոջս ու հարազատներիս կորստի վիշտը ատամներով սեղմած աշխատել եմ, մարդկանց պետք էր վերադարձնել ապրելու տարրական պայմաններն ու օգնել ոտքի կանգնել, ինչպես թողնեի Սիպտակը․․․»,-մի պահ լռելուց հետո ասում է Հաջյանը։

Առանց մայրական խնամքի մնացած երեխաներին հանձնում է տատիկի ու պապիկի հոգածությանը ու շարունակում աշխատել Սպիտակում։ Հաջյանի խոսքով տիտանական աշխատանք է կատարվում՝ մարդկանց կենցաղային ամենատարրական պայմաններով ապահովելուց մինչև ավերված գյուղեր ու տներ կառուցելը։ Կարճ ժամանակահատվածում հաջողվում է մի քանի գյուղերի բնակիչների վերադարձնել իրենց տները՝ բնակավայրերն ապահովելով ենթակառուցվածքներով, գյուղտեխնիկայով։ Դրանից հետո է միայն թողնում գործկոմի նախագահի աշխատանքը։

Մեկ տարի անգործ մնալուց հետո` 1992թ.-ին նշանակվում է  Հայէկոնոմ բանկի Սպիտակի մասնաճյուղի կառավարիչ։ Հինգ տարի անց թողնում է բոլոր բարձր ու պատասխանատու պաշտոնները և մինչև 2001 թ․ զբաղվում է գյուղատնտեսությամբ։

 

 

2001թ.-ից էլ սկսվում է Վրեժ Հաջյանի նվիրական աշխատանքը հուշարձանների պահպանության ոլորտում։  Նա նշանակվում է ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ և աշխատում մինչև 2009 թ.-ը։ 2009 -ին բնակության է տեղափոխվում Երևան։ 2013թ.-ից աշխատանքի է անցնում Երևանի մարզային ծառայությունում` նախ որպես պահապան, ապա` 2017 թ.-ին, մարզային ծառայության պետ։

 

«Ինձ որ նշանակում էին գործկոմի նախագահ, հրավիրեցին Կարեն Դեմիրճյանի  և կենտկոմի երկրորդ քարտուղար Պավել Անիսիմովի մոտ՝ հարցազրույցի․ պարտադիր պայման էր՝ պետք է վերադասը անձամբ հավանություն տար նման բարձր պաշտոնի թեկնածուներին»,- հիշում է Վ․ Հաջյանը,- «Այդ կարգի մարդկանց առանց նրանց իմացության ու հավանության չէին նշանակում։ Ինձ հետ մոտ մեկ ժամ զրուցեցին: Կ․ Դեմիրճյանը երկար նայեց իմ անձնական թերթիկը, զբաղեցրած պաշտոնների ցանկին ծանոթանալուց հետո ասաց, որ ամեն ինչ պարզ է․․․ Չնայած  ավանդույթ էր, որ գյուղական շրջաններում գյուղմասնագետ պետք է նշանակվեր, բայց ինձ ասաց, որ հանգիստ կարող եմ աշխատել։ Անիսիմովն էլ կարծիք հայտնեց, թե վերլուծական միտք ունեցող մարդ է, կաշխատի։ Կենտկոմի կուսակցական կազմակերպչական բաժնի վարիչը, ով ինձ ներկայացրել էր Դեմիրճյանին և Անիսիմովին, դուս գալուց հետո ոգևորված գրկեց ինձ ու ասաց, որ փայլուն անցավ հարցազրույցը: Ես միևնույն է չէի հասկանում, թե ինչ էր կատարվում, այնքան հուզված էի»։

Թվում էր, թե Կարեն Դեմիրճյանի հավանությամբ աշխատանքի անցած երիտասարդի փայլուն ապագան պարզորոշ էր, սակայն միշտ չէ, որ ամեն բան հարթ է լինում։ Արդեն փոխված շրջկոմի առաջին քարտուղարը գործադիր կոմիտեի բաժինների հետ  ծանոթանալու ընթացքում  թերահավատությամբ է վերաբերվում ժողովրդական կրթության 31 տարեկան բաժնի վարիչին, գործը հասնում է մինչև երիտասարդ Հաջյանի ազատման դիմում գրելուն, որը սակայն չի ընդունվում և նա շարունակում է աշխատել, ավելին՝ դառնում առաջին քարտուղարի կողմից գնահատված աշխատակիցներից մեկը: Տարիների հեռվից այսօր արդեն Հաջյանը ժպիտով է հիշում այդ օրերը։ Նա խոստովանում է, որ հինգը տարվա ժողովրդական կրթության բաժնի վարիչի աշխատանքը բոլոր պաշտոններից հոգեհարազատ  է եղել: «Ջահել էինք, լավ էինք աշխատում»,-կատակում է Վ․ Հաջյանը։ Թեև նրան ճանաչողները վստահ կարող են ասել, որ այսօր էլ 75 – ամյա Վրեժ Հաջյանն աշխատում է ոչ պակաս եռանդով ու պրոֆեսիոնալիզմով։

Հետաքրքիր է, թե ինչ կասեր Կ․ Դեմիրճյանը, եթե  տեսներ Վ․ Հաջյանի անձնական թերթիկը տարիներ հետո, որտեղ զարմացնում է պատմաբանի ոչ միայն  բարձր պաշտոնների թիվը, այլև դրանց և ոլորտների բազմազանությունը՝ ուսուցչից մինչև գործկոմի նախագահ, ժողովրդական կրթության բաժնի վարիչից մինչև բանկի կառավարիչ ու հուշարձանների պահապան, ի վերջո`ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ։ «Ընդ որում երբեմն այնպես էր ստացվում, որ ես տանը նստած մեկ էլ ինձ կանչում էին ու ասում, թե տեղափոխվում եմ այլ աշխատանքի՝ ամեն անգամ ավելի պատասխանատու գործի․․․»,-հիշում է Վ․ Հաջյանը։

Այս բոլոր տարիների, աշխատանքային հարուստ կենսագրության լավագույն ձեռքբերումը նա համարում է գնահատված լինելը։ Քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է մշակույթի ոլորտը, հուշարձանների պահպանության գործին սիրով է զինվորագրվել, հատկապես, որ հնագետ ընկերներից մշտապես տեղեկացել է այս կամ այն հուշարձանի հնագիտական, պատմական ու մշակութային նշանակության մասին։

 

Վ․ Հաջյանն այն բացառիկ մասնագետներից է, ով հրաշալի գիտի Երևանի բոլոր հուշարձանները, մեկ առ մեկ, գիտի դրանց պատմական ու մշակութային արժեքը, բոլոր խնդիրները, պատրաստ է անգամ դրանց լուծման մեխանիզմներն առաջարկել։  Ցավով նշում է, որ Երևանի բազմաթիվ  հին հուշարձանների  մասին  ցավոք  քչերը գիտեն և, չհեռանալով այն տարածքից, որտեղ զրույցն էր ընթանում, մատնանշում է Ավան վարչական շրջանում գտնվող մի քանի հուշարձաններ․ «Օրինակ 7-րդ դարով թվագրվող այս հոյակերտ հուշարձանը (նկատի ունի Սբ. Աստվածածինը (Կաթողիկե, Ծիրանավոր), որը շատերին գուցե ընդամենը կիսավեր համալիր է հիշեցում կամ նրանից քիչ հեռու գտնվող 7-13-րդ դարերի Սբ. Հովհաննեսն ու Սբ․ Աստվածածինը, կամ մ․թ․ա․ 10-5-րդ դարերով թվագրվող «Ծիծեռնակաբերդ» հուշարձանը, մ․թ․ա․ երրորդ- երկրորդ հազարամյակներով թվագրվող  դամբարանադաշտերը, քանի՞ երևանցի գիտի դրանց մասին, մասնագետներից  բացի․․․ցավոք քչերը»,-ափսոսանքով ասում է Հաջյանը։

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետին այսօր ավելի շատ մտահոգում է մեր պատմամշակութային անգին գոհարները պահպանելն ու դրանք սերունդներին անխաթար փոխանցելը։ Զրույցի ավարտին, գրեթե շշուկով (կարծես չի ուզում բարձրաձայնել դեռ խմորվող գաղափարի մասին), անկեղծանում է, որ մտադիր է հետագայում, հրատարակելու նպատակով, դասակարգել Երևանի  հուշարձանները՝ մինչքրիստոնեական ժամանակաշրջանի, վաղ, միջին և ուշ միջնադարի, ապա` անդրադառնալ նաև նոր շրջանի հուշարձաններին։

 

 

Զրույցի վերջում ընտանիքի մասին հարցից մի տեսակ լուսավոր ժպիտ փայլեց նրա դեմքին. «Ես չորս երեխա ու ինը թոռնիկ ունեմ, ովքեր այս կյանքում իմ ամենամեծ հարստությունն են»,-այսպես էլ ավարտվեց իր գործի իսկական նվիրյալի և երջանիկ պապիկի հետ զրույցը։

 

 

 

2018-02-05T17:40:32+00:00 05 / 02 / 2018|Երևան, Լրահոս, Նորություններ|Comments Off on ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՊԱՊԻԿ