ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ

ՄԱՐՄԱՇԵՆԻ
ՎԱՆՔ

Շիրակի մարզ
գ. Վահրամաբերդ
պետ. ցուցիչ` 7. 108. 10

Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Կաթողիկե – մեծ հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029-ին: Եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախրձերով: Ավագ խորանը` որմնախորշերով, իսկ ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով և նրանց վրա ձգվող դեկորատիվ կամարաշարով: Գմբեթի 12 նիստանի թմբուկը, որը պսակված է հովանոցաձև վեղարով, զարդարված է փոքրիկ ճակտոններով իրար կապվող կիսասյուների փնջերով:
Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն օրինակներից է: Ենթադրվում է, որ կառուցել է Տրդատ ճարտարապետը:

Երկրորդ եկեղեցի – գտնվում է Կաթողիկեի հյուսիսային կողմում, մոտ 1,5 մետր հեռավորության վրա: Կառուցվել է, հավանաբար, նրա հետ միաժամանակ: Թե՛ իր հորինվածքով, թե՛ իր մանրամասերով ու հարդարանքով Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունն է: Պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը:

Երրորդ եկեղեցի – Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում է: Կառուցվել է XI դ.: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է:

Չորրորդ եկեղեցի – գտնվում է համալիրի հարավ-արևմտյան կողմում: Բացվել է 1954-56 թթ. կատարած պեղումների ընթացքում: Արտաքուստ բոլորակ, ներսից չորս ավանդատներով, քառախորան գմբեթավոր հորինվածքով XI դ. կառույց է: Պահպանվել են գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը:

Գավիթ – կից է Կաթողիկեին արևմտյան կողմից: Քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով կառույց է: Ծառայել է որպես տապանատուն: Այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին: XIX դ. վերջին նրա տապանաքարը փոխարինվել է նորով: Պահպանվել են գավթի պատերի ստորին մասերը և սյուները:
Գավթի արևմտյան կողմում հայնաբերվել են վանքի ջրմուղի որոշ հատվածներ:

Գերեզմանատուն – տարածված է հուշարձանախմբի հարավային և արևելյան կողմերում:
Փոքր կամ Վերին հուշարձանախումբը բաղկացած է միակ եկեղեցուց և կից գերեզմանատնից:

Եկեղեցի – հայտնի է նաև Հին կամ Հինգերորդ եկեղեցի անվամբ: Գտնվում է Մեծ վանքից հյուսիս, բլրի վրա: Խաչաձև հատակագծով, գմբեթավոր կառույց է, վերագրվում է X-XI դդ.: Այժմ ավերակ է:

Գերեզմանատուն – Տարածված է Փոքր վանքի շուրջը: Այստեղ է ամփոփված Վահրամ Պահլավունու կնոջ` Սոփիայի աճյունը: Այստեղ է թաղված նաև ճարտարապետ Շնավորիկը:

Մարմաշենի վանքը բազմիցս նորոգվել է: 1870 թ. վանքը նորոգել է Մկրտիչ Ջալալյանը և կից հիմնել է դպրոց: 1900 թ. վանքում նորոգման աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1950-ական թվականներից պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:
2001 թ. Կաթողիկե եկեղեցին վերանորոգվել է իտալահայ բարերար Գայանե Կազնատիի ջանքերով:

Հիմնական գրականությունը.

Ղ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881:
Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Եր., 1992:
Ս. Սաղումյան, Մարմաշենի վանքը, Վաղարշապատ, 1998:
Հ. Եղիազարյան, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, Էջմիածին, 1957:

2013-10-02T11:05:00+00:00 31 / 08 / 2012|Հուշարձաններ|