ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

«Եվրոպական միջազգային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, «Ճանապարհ» խորագրի ներքո, սեպտեմբերի 29-ին եւ 30-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են միջոցառումներ հանրապետության մարզերում։

«Զվարթնոց», «Գլաձորի համալսարան» «Գառնի», պատմամշակութային, ինչպես նաեւ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում կազմակերպված դասախոսությունների թեմաներն ընդգրկուն էին. «Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետությունը», «Տարանցիկ առեւտրի ճանապարհները Հայկական լեռնաշխարհում», «Կրոնի պատմության անցած ուղին», «Օրբելյան իշխանական տոհմի պատմությունը»: Դասախոսել են` ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փլիպոսյանը, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Հակոբյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանագարանի վարիչ Բարիս Քոչարյանը, Վայոց ձորի մարզի ՊՄՊ ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:

«Զվարթնոց»-ում, «Մեծամոր»-ում եւ «Գլաձորում» մասնակիցների համար նաեւ շրջայց է կազմակերպվել թանգարանի տարածքով։

«Վահանավանք 1100» խորագրով ցուցահանդեսը սեպտեմբերի 29-ին բացվել է Կապանի երկրագիտական թանգարանի շենքում՝ «Եվրոպական միջազգային ժառանության օրեր» ծրագրի շրջանակում։ Ներկայացվել են արխիվային նյութեր, որոնք պատմում են Վահանավանքի վերջին տարիների ուսումնասիրությունների ու վերականգնման գործընթացի մասին: Ցուցահանդեսում ներկայացվել են նաեւ թանգարանի ֆոնդում պահպանված խաչքարերի բեկորներ: