ՍԻՆ ՀԻՍՏԵՐԻԱ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՇՈՒՐՋ

Blognews ինտերնետային կայքում խեղաթյուրված է ներկայացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նախորդ տարի կազմակերպված մի միջոցառման փաստ։ Թե ինչո՞ւ է «սրտացավ» հեղինակը մեկ տարի ուշացումով մտահոգություն արտահայտել, թողնում ենք նրա «խղճին»։ Ցավալի է, որ փորձ է արվում «սրտացավության» իմիջ դրսեւորել հայհոյանքախառը բառապաշարով։ Չնայած յուրաքանչյուրն արտահայտվում է այնպես, ինչպես կարողանում է։ Արա Ասլանյան հեղինակի «մաքրամաքուր» հայերենով տեքստում իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող տեղեկատվություն է։ 2011 թ. մայիսի 25-ին HSBC բանկը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իսկապես գործունեության 15 ամյակին նվիրված միջոցառում է անցկացրել։ Ա.Ասլանյանի փոխանցմամբ, ««Զվարթնոց» տաճարի վրա անխնա մետաղական ամրակներ են մեխվել, որ վրան կառուցվի բեմը ու մեխվել ա նենց, որ մինչ օրս դրանք չեն հանվել»։
Տեղեկացնում ենք ձեզ, որ տաճարի ներսում մետաղական ամրակներ այդ օրը չեն ամրացվել։ Դրանք եղել են շարժական մետաղական կարկասներ, որոնք դրսի հատվածում ամրացվել են ասֆալտին։ Վստահեցնում ենք, որ հուշարձանին վնաս չի հասցվել ու ճարտարապետական բեկորները չեն խաթարվել։ Մշակութային միջոցառման համար կազմակերպիչների կողմից պատրաստված նավը հարմարեցվել է հենց այդ ամրակների վրա։ Դրանք տաճարի տարածքից հանվել են միջոցառման հենց հաջորդ օրը։ Նշենք նաեւ, որ միջոցառման կազմակերպիչը եղել է «Շարմ Հոլդինգը»։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն իրոք գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ եւ համոզված եղեք, որ «Զվարթնոց»-ի ու մյուս հուշարձանների նկատմամբ ամենօրյա եւ պատշաճ հոգատարություն է ցուցաբերվում։

2012-10-11T17:38:57+00:00 11 / 10 / 2012|Լրահոս|