ՍԵՄԻՆԱՐ- ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների պետերի, պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ մայիսի 17-ին տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն: Նպատակը` համատեղ քննարկել ու գտնել աշխատանքի ընթացքում ի հայտ եկող որոշակի խնդիրների լուծման ուղիները, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Աշխատանքային սեմինար-խորհրդակցությունը վարեցին ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն ու տնօրենի`մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը:

Ա.Փիլիպոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն կարեւոր հանգամանքի վրա, որ մարզային ծառայություններից «Պահպանության ծառայություն» ուղարկվող հոդվածները հաճախ չեն համապատասխանում սահմանված ձեւաչափին, ինչն անթույլատրելի է: Նրա խոսքով` հղումը գրականությանը, որից օգտվում են հոդվածները պատրաստելիս եւս պարտադիր է: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս.Առաքելյանն էլ հորդորեց լինել առավել պատասխանատու, քանի որ մարզային ծառայության աշխատանքի գնահատականը հենց դրանով էլ կորոշվի:

Մարզային ծառայությունների պատասխանատուներն իրենց հերթին նշեցին, որ աշխատանքի ընթացքում անհրաժեշտ գրականության պակաս է զգացվում: Առաջարկվեց բացը լրացնել ՊՈԱԿ-ի գրադարանի միջոցով:

Այս տարի լրանում է ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ամյակը: Տնօրենի տեղակալ Ա.Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում է ժողովածու հրատարակել, եւ դրանում կներառվեն նաեւ մարզային ծառայություններից ստացված լավագույն հոդվածները: Խորհրդակցության ավարտին որոշվեց հաջորդիվ սեմինարներն անցկացնել հստակ թեմատիկայի շրջանակում:

2013-05-17T17:42:11+00:00 17 / 05 / 2013|Լրահոս|Comments Off on ՍԵՄԻՆԱՐ- ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ