ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Աշխարհի բոլոր թանգարաններում երեկ մինչև ուշ գիշեր անց են կացվել «Թանգարանային գիշեր» խորագիրը կրող մշակութային բազմաթիվ միջոցառումներ` գրական-երաժշտական երեկոներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ եւ այլն: Ծրագրին միացել է նաեւ Հայաստանը` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով:

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակներում, Վայոց Ձորի «Արփի» բնապատմական արգելոցում և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում միջոցառումներ են անցկացվել: Մասնավորապես Նորավանքի կիրճում էին հավաքվել հանրակրթական դպրոցի մանկավարժներ, դպրոցականներ, համայնքի ներկայացուցիչներ: Արգելոցի մուտքից երթի մասնակիցները պաստառներով ու դրոշներով շարժվել են դեպի Նորավանքի ձոր, որտեղ եւ անցկացվել է «Թանգարանային գիշեր» միջոցառումը: «Արփի» բնապատմական արգելոցի քարանձավները» թեմայով դպրոցականների հետ զրույց է անցկացրել Արենիի դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը: Աշակերտներին ներկայացվել է նաեւ «Նորավանքի ձորի բուսական ու կենդանական աշխարհի առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն: Այնուհետև երթով շարժվել են դեպի Նորավանքի վանական համալիր և Մոմիկի թանգարան, որտեղ վանահոր ուղեկցությամբ դպրոցականները ծանոթացել են հուշարձանի պատմությանը, թանգարանի ցուցանմուշներին, ծաղիկներ դրել Մոմիկի խաչքարին:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանում եւս տոնական տրամադրություն էր: Բացվել է նոր ցուցանմուշների ցուցադրություն և Վերնաշենի դպրոցականների կողմից արված թեմատիկ նկարների ցուցահանդես:

Բացման պատիվն ընձեռնվել է Վայոց Ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Գոռ Գասպարյանին:

Միջոցառմանը ներկա էին ՊՈԱԿ-ի բաժնի վարիչներ Գոռ Գասպարյանը, Արգամ Այվազյանը, Վայոց ձորի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Աղասի Հովհաննիսյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, այլք:

Լոռի բերդի հիմնական ու Ստեփանավանի թիվ 6 դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար պատմամշակութային արգելոցում, կազմակերպվել է բաց դաս` Լոռի բերդ ամրոցի պատմության եւ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի թանգարանի ստեղծման մասին: Դպրոցականների ներկայացվել է Լոռի բերդի պատմությունը, այն պատմամշակութային արգելոց դարձնելու անհրաժեշտությունը: Աշակերտները հարցեր են ուղղել պ/մ արգելոցի խաչքարերի, նաեւ մարզի մշակութային ժառանգության վերաբերյալ: Բաց դասի ավարտին «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի թանգարանի տարածքում դպրոցականների համար նաեւ էքսկուրսիա է անցկացվել:

ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններում հիմնական միջոցառումները սկսվել են ժամը 18.00-ից եւ շարունակվել են մինչեւ ուշ գիշեր:

2013-05-20T17:45:05+00:00 19 / 05 / 2013|Լրահոս|Comments Off on ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ