«ԶՎԱՐԹՆՈՑ» Պ/Մ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է Խ.ԴԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մայիսի 18-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մի շարք հանդիսություններ են անցկացվել: Մասնավորապես բացվել է Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես:

«Առաջին անգամ ներկայացվել են Ազգային արխիվում պահվող (հիմնական ցուցադրությունից դուրս մնացած)` պեղումների ընթացքը լուսաբանող լուսանկարների, նյութերի, փաստաթղթերի, նամակների կրկնօրինակներ, բանահյուսական, ազգագրական ուսումնասիրություններ, գրքեր և հոդվածներ», – բացման խոսքում նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Փիրուզա Սահակյանը:

Ներկայացված նյութերը հիմնական ցուցադրության հետ միասին ամբողջացնում են մեծ հայրենասերի և անխոնջ նվիրյալի վաստակը: Ցուցահանդեսի ընթացքում, «Անի» երգչախմբի կատարմամբ, հնչել են ազգային-հայրենասիրական երգեր:

Մյուս` «Զվարթնոցը պոեզիայի աշխարհում» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցել են Էջմիածին քաղաքի թիվ 12 և 8 օժանդակ դպրոցների սաները` ներկայացնելով Զվարթնոցին նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր:

Այս տարվա համար հռչակված «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսին համապատասխան` «Զվարթնոց» պ/մ արգելոց-թանգարանի գիտաշխատող Ազատ Կարապետյանը դպրոցականների համար անցկացրել է բաց դաս` «Հայաստանի թանգարանների պատմությունից» թեմայով:

2017-10-31T16:13:02+00:00 20 / 05 / 2013|«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|Comments Off on «ԶՎԱՐԹՆՈՑ» Պ/Մ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է Խ.ԴԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ