«ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախանշված միջոցառումների շրջանակում, մայիսի 18-ին «Թանգարանները` որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո, «Գառնի»պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվեց «Մեր պարերը և մենք» կրթամշակութային ծրագիրը: Ամենամյա դարձած ծրագրի մեկնարկը տրվել է 2010-ին` կրկին «Գառնի»-ում, իսկ արդեն անցյալ տարի դա ներկայացավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին:

Համերգ-միջոցառման ընթացքում ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների համար ելույթ ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի Հայորդաց տան պարային համույթը /տնօրեն` Թամարա Հարությունյան, գեղարվեստական ղեկավար` Արմենուհի Դիլանյան/:

Ծրագիրը բաղկացած էր երկու մասից` համերգային և պարուսուցման: Շուրջ երկու ժամ տևած միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեկ տասնյակից ավելի ազգագրական և ժողովրդական պարեր, ինչպես նաեւ Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը, հայկական ավանդական պարերի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում և սովորույթներում: Միջոցառման ավարտին կազմակերպվեց պարուսուցում այցելուների համար, բացատրվեցին պարաքայլերի իմաստն ու կատարման ձևերը:

Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով միջոցառման ավարտին անցկացվեց նաև սոցիալական հարցում միջոցառման կազմակերպման, պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև միջոցառումից ստացված տպավորությունների վերաբերյալ:

Միջոցառումը ներդաշնակ և գեղեցիկ իրականացնելու համար պարային համույթի սաները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պարգևատրվեցին պատմամշակութային հուշարձանները խորհրդանշող նվեր-մրցանակներով:

2017-10-31T16:07:30+00:00 20 / 05 / 2013|«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|Comments Off on «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ