ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Քառակող կոթող

ԿՈԹՈՂ
Լոռու մարզ
գ. Դսեղ
պետ. ցուցիչ` 5.35.15.1.16

 

Քառակող կոթողը գտնվում է Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանատանը:

Կոթողի սյան բարձրությունը 2 մ է, կերտված է բաց դեղնավուն ֆելզիտից, կանգնեցված է տուֆ քարից պատրաստված եռաստիճան պատվանդանին, որի վերին միակտոր քարի վրա պատկերված է խաչապատկեր, իսկ մյուս կողմում կա վիմագիր արձանագրություն:

Կոթողը վերաբերում է վաղ միջնադարյան շրջանին, իսկ պատվանդանը տեղում հավաքել է հայտնի խաչքարագործ Վահրամ Մամիկոնյանը: Նույն տարածքում է գտնվում նաև վարպետի “Խաչելություն” խաչքարը` 1281 թվագրմամբ: Կոթողի բոլոր կողմերն էլ ունեն իրենց խորհրդանշական բովանդակությունը:

Արևմտյան ճակատին վերից վար պատկերված են 6 միանման շրջանակներ, 7-րդը մյուսներից տարբերվում է կրկնակի շրջագծով, 8-րդի կիսաշրջանը հպված է պատվանդանին (շրջանակներում հավանաբար եղել են պատկերներ, որոնք չեն պահպանվել):

Քառակող կոթողի արևելյան կողմում պատկերված են վեր բարձրացող արմավենու տերևներ: Կոթողի հյուսիսային ճակատին` ընձյուղագալարների միջև, պատկերված են վեր ու վար ուղղորդված արմավենու տերևներ, հարավային կողմում պատկերված է խաղողի որթատունկ:

Նմանատիպ քառակող կոթողներ կան նաև մարզի Օձուն, Արդվի, Խոժոռնի, Կողբ, Բրդաձոր, Շինուհայր գյուղերում, Երևանի Ավան վարչական շրջանում և այլ բնակավայրերում: