ՍՈՒՐԲ ԶՈՐԱՎՈՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ՍՈՒՐԲ ԶՈՐԱՎՈՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Երևան համայնք
Կենտրոն վարչական շրջան
պետ. ցուցիչ` 1.6.72

 

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից է: Սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել է նաև Սուրբ Զորավոր, քանի որ այստեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը: Եկեղեցին գտնվում է Երևանի նախկին Շահար թաղամասում, ներկայիս Ղազար Փարպեցի, 9բ հասցեում: Եկեղեցին կառուցվել է 1693 թ., հայտնի հայ վաճառական Խոջա Փանոսի նվիրատվությամբ: Պատկանում է եռանավ բազիլիկների տիպին:

Զորավոր եկեղեցին հնում մի փոքրիկ մատուռ է եղել, որը կառուցվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Ըստ պատմական աղբյուրների` խուսափելով Մելիքսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետն Էջմիածնից եկել էր Երևան և ապաստանել Անանիա առաքյալի մատուռի շրջակայքում, որտեղ և 17-րդ դ. սկզբին վանք է հիմնել. կառուցել է եկեղեցի, ժամատուն, առաջնորդարան և միաբանների համար խցեր: Ամբողջ տարածքը պարսպապատել և վանական դպրոց է հիմնել: Եկեղեցու արտաքին պատերի առանձին հարթություններում ագուցված են 17-րդ դարով թվագրված գեղաքանդակ խաչքարեր: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածնի` մանուկ Հիսուսին խաչին զոհաբերելու տեսարանը: 1978-1980 թթ. եկեղեցին հիմնովին նորոգվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից, քաղաքի գործող եկեղեցիներից է:

Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է Անանիա առաքյալի մատուռը (զանգակատունը), որը վերակառուցվել է 1889 թ.: Խոջա Փանոսի կենդանության տարիներին մատուռի մուտքը Սուրբ Աստվածածին եկեղեցու միջից է եղել: 1890 թ. մատուռը զատվել է եկեղեցուց, վրան առանձին կաթողիկե է կառուցվել, և դրսից առանձին մուտք է բացվել:

Հիմնական գրականություն

Ղաֆադարյան Կ. , Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Երևան, 1975:

2013-08-27T11:13:17+00:00 10 / 07 / 2013|Հուշարձաններ|