«ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐԻՉ Ա. ԱՎԱԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում, օգոստոսի 31-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվեց «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի ստեղծագործությունների «Ժառանգության ժառանգորդը» խորագրով ցուցահանդեսը: Դա կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը:

Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարները արվեստագետի երկու տարվա աշխատանքի պտուղներն են: 14 կտավներ` «Աղոթք», «Անհայտացող հիշողություններ», «Երկրպագություն», «Մտասեւեռում» եւ այլն, հանձնվել են արվեստասերների դատին:

«Հայատանն արդեն մի քանի տարի ակտիվորեն մասնակցում է մշակութային այս խոշոր ծրագրին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց ու արգելոց-թանգարանններում էլ այս օրերին տարբեր միջոցառումներ են անցկացվում: Ա.Ավագյանի աշխատանքները նոր ձեռագիր ու նոր մոտեցում են գեղանկարչության ոլորտում: Ներկայացրած աշխատանքների մի մասում նա անդրադառնում է Քրիստոսից առաջ 3- րդ. -1-ին հազարամյակների նյութերին` ժայռապատկերների ներկայացմամբ: Իր խոհափիլիսոփայական մտքերը Ավագյանը յուրօրինակ ոճով է մատուցում», – նշեց ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության եւ խմբագրական բաժնի վարիչ Արգամ Այվազյանը: Նրա մեկնաբանմամբ, Աշոտ Ավագյանն այդ տեսակետից ժամանակակից գեղանկարչությանը նոր խոսք ու միտք է հաղորդում: Հեղինակի` Ա.Ավագյանի խոսքով էլ թեմատիկան բազմազան է` ժայռապատկերներից մինչեւ պատկերաքանդակներ:

Նախորդ տարիներին գեղանկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Մասնակցել է նաեւ Շվեյցարիայում, Սիրիայում, Կանադայում, Իտալիայում եւ այլ երկրներում կազմակերպված խմբային ցուցահանդեսներին:

Միջոցառումը լուսաբանվել է «Արմենիա», «Կենտրոն» եւ «Շողակաթ» հեռուստաընկերություններով: