ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՇԱՎՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ

Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ճանաչմանն ու հանրահռչակմանն էին ուղղված օրերս Արագածոտն ու Արտաշավան գյուղերի հանրակրթական դպրոցներում անցկացված բաց դասերը: Բարձր դասարանցիներին ներկայացվել է Արագածոտնի ամրաշենները` «Ամբերդ ամրոց» թեմայով դասախոսություն: ՊՄՊ մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը պատմել է Դաշտադեմի, Աշնակի, Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքի մասին: Առավել մանրամասն աշակերտներին ներկայացվել է Ամբերդի կառույցը: Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ., ժամանակին եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից, իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Ներկայացվել է, որ Ամբերդին է եղել վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը: X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկել է մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասներ, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցի: Նշվել է, որ նախկին տարիներին Ամբերդում մի շարք հնագիտական պեղումներ, հուշարձանների ամրակայման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ ունկընդրևլ են բաց դասը, հարցարդումներ արել: Նրանք նաեւ առաջարկել են ՊՄՊ մարզային ծայառությանն արշավներ կազմակերպել եւ տեղում ծանոթանալ պատմաճարտարապեական հուշարձաններին: Գաղափարը միջոցառման կազմակերպիչների հավանությանն է արժանացել:
Հաջորդ բաց դասը Արագածոտնի մարզում կանցնակցվի մարտի 22-ին:

2014-03-19T17:17:03+00:00 19 / 03 / 2014|Լրահոս, Նորություններ|Comments Off on ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՇԱՎՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ