ՀՈՌՈՄԱՅՐԻ ՎԱՆՔ (Վերին հուշարձանախումբ)

ՀՈՌՈՄԱՅՐԻ ՎԱՆՔ (Վերին հուշարձանախումբ)
Լոռու մարզ
գ. Օձուն
պետ. ցուցիչ` 5.112.11

 

Հոռոմայր վանական համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օձուն գյուղից 1,5 կմ հարավարևելք: Բաղկացած է երկու հուշարձանախմբերից՝ Ներքին և Վերին: Ներքին հուշարձանախումբը տեղադրված է ժայռի տակ, Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին, Վերինը՝ ձորաեզրին, բարձր սարահարթի վրա և տեղադրությանը համապատասխան կոչվել է նաև Ձորաեզրի վանք: Հուշարձանախմբերի՝ իրարից բավական հեռու տեղադրությամբ հանդերձ, Հոռոմայրը եղել է միասնական կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն, որի մասին վկայում են բազմաթիվ ձեռագիր հիշատակարանները: Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Մատենագրության մեջ հիշատակվում է VIII դարից:

Հոռոմայրի Վերին հուշարձանախումբը կամ Ձորաեզրի վանքը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:

Հարավային եկեղեցին, որը հիշատակվում է նաև Ծիրանավոր Ս. Նշան անունով, կառուցվել է վանքի առաջնորդ, վանահայր Սամուելի և միաբանության կողմից, 1206 թ.: Հուշարձանախմբի հնագույն եկեղեցին է: Շինարարական արձանագրությունը պահպանվել է հյուսիսային մուտքի կիսակամար շրջանակի վրա: Թաղակապ ծածկով, միանավ բազիլիկ կառույց է: Արևելյան պատուհանի բարավորի վրա հիշատակվում է կառուցող վարպետի անունը՝ Գրիգոր քարգործ: Կառուցված է բազալտե կապտավուն սրբատաշ քարերով: Հուշարձանախմբի միակ եկեղեցին է, որի ծածկը համեմատաբար պահպանված է:

Հյուսիսային եկեղեցին կառուցվել է գավթի հետ միաժամանակ՝ XIII դ. կեսին: Միանավ, թաղակապ կառույց է: Մուտքը հյուսիսային կողմից է և բացվում է գավթի մեջ: Կառուցված է դեղնաշագանակագույն ֆելզիտով: Արևմտյան պատը դրսից պատված է խաչապատկերներով:

Գավիթը գտնվում է երկու եկեղեցիների արանքում: Գավիթը հյուսիսային եկեղեցու հետ միասին XIII դ. կեսին կցվել է հարավային եկեղեցուն: Այս հուշարձանախմբի առավել ուշագրավ կառույցն է: Գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով: Պահպանված է ծածկի միայն հյուսիսային հատվածը: Մուտքը արևմտյան կողմից է, բավական լայն է և եզերված է քանդակազարդ շրջանակով: Երկու եկեղեցիների մուտքերը գավթի կողմից են: Գավթի արևելյան ճակատը ամբողջությամբ ծածկված է խաչաքանդակներով: Կառուցված է ֆելզիտե սրբատաշ քարերով:
Հուշարձանախմբի արևմտյան կողմում միջնադարյան գերեզմանատունն է, որտեղ պահպանվել են արձանագիր խաչքարեր և տապանաքարեր:

Հիմնական գրականություն

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Երևան, 2012:

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986:

Մանուչարյան Ա., Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «Պատմաբանասիրական հանդես», N 4, 1979:

2014-03-21T14:42:15+00:00 21 / 03 / 2014|Հուշարձաններ|Comments Off on ՀՈՌՈՄԱՅՐԻ ՎԱՆՔ (Վերին հուշարձանախումբ)