ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

Կոտայքի մարզ
գ. Բջնի
պետ. ցուցիչ` 6.19.1

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:

1977-1978 թթ., Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են IX-X դդ. կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:
2007-2008 թթ-ից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:

Հիմնական գրականության

Սիմոնյան Հ., Բջնի, Երևան, 2001:

ՀՀ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990:

2014-03-21T15:54:44+00:00 21 / 03 / 2014|Հուշարձաններ|Comments Off on ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ