ԱԲՈՎՅԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆԵԼ ԵՆ ՀԱՏԻՍԻ ԳԱԳԱԹԻՆ

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայությունը ս/թ. մայիսի 24-ին «Եռագույնը Հատիսի գագաթին» խորագրով արշավ էր կազմակերպել: Նպատակն էր հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ծանոթանալ հայրենի բնաշխարհին, մեր պատմամշակութային արժեքներին և նրանց պահպանության հիմնախնդիրներին, բարձրանալ Հատիսի լեռնագագաթը: Երկու ժամ է պահանջվել արշավորդներից հաղթահարելու համար Հաստիտի գագաթի բարձունքը, որտեղ եւ ծածանվել են դպրոցականների եւ ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների կողմից բերված հայոց եռագույն դրոշները: Ի դեպ, մարզային ծառայության եռագույնն արդեն երեք անգամ հասցրել է ծածանվել Մեծ Արարատի գագաթին /2008, 2011, 2012 թթ./: ՊՄՊ մարզային ծառայության պետ Արամայիս Սեդրակյանը, արշավին հրավիրված Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը դասախոսություն են կարդացել դպրոցականների համար ` բնության հուշարձանների, բուսականության, պատմամշակութային հուշարձանների, մշակութային ժառանգության պահպանության թեմաներով:

Արշավորդները եղել են նաեւ Ակունք գյուղում գտնվող Ս. Պողոս-Պետրոս վանական համալիրում /12-19 դդ. պետ. ցուցիչ` 6.16.15 /: Նրանց ներկայացվել է նաեւ այս հուշարձանի պատմական նշանակությունը: Արշավին մասնակցել են մարզային ծառայության պատասխանատուները, Աբովյանի թիվ 10, ինչպես նաեւ այլ դպրոցների տարբեր դասարանների 50-ից ավելի աշակերտներ, մանկավարժներ, զինղեկներ, ծնողներ, զբոսաշրջիկներ, ովքեր արձագանքել էին սոցիալական ցանցերով արված հրավերին:

2014-05-26T15:14:11+00:00 26 / 05 / 2014|Լրահոս, Նորություններ|Comments Off on ԱԲՈՎՅԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՌԱԳՈՒՅՆԸ ԾԱԾԱՆԵԼ ԵՆ ՀԱՏԻՍԻ ԳԱԳԱԹԻՆ