Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Արագածոտնի մարզ
գ. Մաստարա
պետ. ցուցիչ` 2.69.8

 

Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:

Ս. Հովհաննես եկեղեցին հատկապես արժեքավոր է իր ներքին տարածության կատարյալ լուծմամբ: Ծավալների ներդաշնակությունը, լայնաթռիչք գմբեթն ու այն կրող հզոր տրոմպները ներսի տարածքին հաղորդում են վեհաշուք տեսք:

Եկեղեցու հարդարանքը՝ բարավորների հավասարաթև խաչերը, քերովբեների գծաքանդակները, զույգ թռչուններով խաչաքանդակը, կամարակապ պսակի վրա աղավնիների բարձրաքանդակները, բնորոշ է վաղ միջնադարյան (V դ.) հայ ճարտարապետությանը:

Մաստարայի եկեղեցու հատակագծով են կառուցվել նաև Արթիկի Մեծ եկեղեցին, Ոսկեպարի Ս. Աստվածածին, Հառիճավանքի Ս. Գրիգոր և Կարսի Ս. Առաքելոց եկեղեցիները:

Հիմնական գրականություն

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948, հ. 2:

Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
ՀՍՀ, Երևան, 1981, հ. 7:

2014-08-11T11:55:53+00:00 27 / 05 / 2014|Հուշարձաններ|Comments Off on Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ