ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Արագածոտնի մարզ
գ. Երնջատափ
պետ. ցուցիչ` 2.63.2

 

Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում, Քասաղի կիրճում, գետի աջակողմյան եռանկյունաձև բարձր բլրի վրա: Կառուցվել է V-XIII դդ.: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին, Ս. Նշան եկեղեցիներից և գավթից:

Ս. Աստվածածին եկեղեցին համալիրի հնագույն կառույցն է: Միանավ, թաղածածկ, V դ. բազիլիկ կառույց է: Ունի պայտաձև կամարներ, ներքին որմնասյուների հնագույն տիպի խարիսխներ և խոյակներ: Մուտքերը հյուսիսային և հարավային կողմերից են: Հարավային կողմից եկեղեցուն կցված են պայտաձև խորանով մատուռ և ներփակ սենյակ, որն, ըստ Թ. Թորամանյանի, կարող էր վկայարան-դամբարան լինել: 1207 թ. եկեղեցին նորոգվել է, և այստեղ հաստատվել է վանական միաբանություն:

Ս. Նշան (Կաթողիկե) եկեղեցին կցված է Ս. Աստվածածին եկեղեցուն հյուսիսային կողմից: Կառուցել են իշխան Քուրդ Վաչուտյանն ու իր կին Խորիշահը 1244 թ.: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, գմբեթավոր սրահատիպ կառույց է՝ խորանի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներով: Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են սրահի մեջ, իսկ երկրորդ հարկի ավանդատների մուտքերը բեմի կողմից են: Ունի երկու մուտք: Դրանցից մեկը՝ հարավայինը, բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ, մյուսը արևմտյան կողմից է: Արևելյան և հյուսիսային պատերը մշակված են եռանկյունաձև խորշերով: Առավել ուշագրավ են եկեղեցու արևմտյան շքամուտքի բարավորի բարձրաքանդակները:

Գավիթը կից է Ս. Նշան եկեղեցուն արևմտյան կողմից: Ըստ եկեղեցու ներսում պահպանված արձանագրություների, գավիթը կառուցել է ճարտարապետ Յոհանես վարդպետը XIII դ.՝ իշխան Քուրդ Վաչուտյանի և նրա կնոջ՝ Խորիշահի մեկենասությամբ: Ուղղանկյուն, քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով ընդարձակ կառույց է՝ շթաքարե երդիկավոր գմբեթով: Գավթի հատակը ամբողջությամբ ծածկված է տապանաքարերով:

Վանքի շրջակայքում պահպանվել են XII-XVII դդ. բարձրարժեք խաչքարեր ու տապանաքարեր:

Վանական համալիրի վերականգնման աշխատանքները սկսվել են 2007 թ-ից: Վերականգնման նախագծի հեղինակն է ճարտարապետ Սուրեն Սարոյանը:

Հիմնական գրականություն

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963:

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:

Պետրոսյանց Վ., Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988:

2014-06-02T11:40:03+00:00 30 / 05 / 2014|Հուշարձաններ|Comments Off on ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ