ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Գեղարքունիքի մարզ
ք. Սևան, Գոմաձոր թաղ.
պետ. ցուցիչ` 4.4.14

 

Գեղարքունիքի Մեծեփ և Բետալ լեռնաճյուղերի միջև, գեղատեսիլ ձորակում ընկած Գոմաձորը հիշատակվում է դեռևս XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում: 1964 թ. ներառված է Սևան քաղաքի վարչական տարածքի մեջ և կրում է Գոմաձոր թաղամաս անունը: Գոմաձորն ունի նաև փառապանծ տարեգրություն: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գյուղի 54 զոհված մարտիկների հիշատակը հավերժացնելու համար այստեղ 1980 թ. կանգնեցվել է ճարտարապետ Մ. Մանվելյանի հեղինակած հուշարձանը: Վարդագույն տուֆից կերտված, 16 մետրանոց երկու սյուները խորհրդանշում են հայրենիքի անառիկությունը, կենաց ծառը՝ ժողովրդի հարատևությունը, իսկ «Պստիկ բալ» բլրակին կառուցված աստիճանները համապատասխանում են ռազմաճակատում զոհված գոմաձորցի մարտիկների թվին: Հուշարձանի զանգերը, որոնք դարասկզբին գյուղի եկեղեցուն էին նվիրել Բաքվի նավթարդյունաբերության մեջ աշխատող գոմաձորցիները, զգոնության կոչ են անում մարդկանց:

Հիմնական գրականություն

Մարտիրոսյան Գ., Սևան. հայրենագիտական ակնարկներ, Երևան, 1998:

2014-06-12T14:30:23+00:00 12 / 06 / 2014|Հուշարձաններ|