ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հարգելի քաղաքացիներ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ «Քեմփ Վենչուրս» ընկերության կողմից՝ ս. թ. հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպած փակ միջոցառմանը և մեկ անգամ ևս նշել, որ միջոցառման անցկացման արդյունքում հուշարձանին որևէ վնաս չի հասցվել, ավելին, տեղի չի ունեցել այնպիսի գործունեություն, որը կարող էր նսեմացներ, աղճատեր հուշարձանի գիտական, պատմաճարտարապետական արժեքը
/սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարները՝ ս. թ. հունիսի 15-ին կապալառու կազմակերպության կողմից իրականացվող ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հուշարձանի տարածքում շրջող աշխատակիցների լուսանկարներն են/: Անդրադառնալով սոցիալական ցանցերում հայտնված դիսկո երաժշտությամբ ուղեկցվող տեսագրությանը տեղեկացնում ենք, որ այն որեւէ առնչություն չունի «Զվարթնոցում» ոչ ս. թ հունիսի. 14-ի, ոչ էլ` ս. թ. հունիսի 7-ին անցկացված հարսանյաց ծեսի հետ: Շրջանառվող այն լուրերը, որ այդ օրերին զբոսաշրջիկները և այցելուները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել արգելոց-թանգարանների տարածքներ, հայտնում ենք, որ աշխատանքային ժամերի փոփոխության վերաբերյալ ՊՈԱԿ-ը պատշաճ իրազեկում էր կատարել սոցիալական ցանցերով. հայտարարության տեքստը հրապարակվել է ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում` hushardzan.am և ֆեյսբուքյան` Armenian Monuments էջում, ինչպես նաև ՊՈԱԿ-ը նախապես դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` տուր օպերատորներին, զբոսավարների գիլդիային աշխատանքային ժամերի փոփոխության վերաբերյալ իրազեկելու համար:

Ինչ վերաբերում է այդ օրերին «Զվարթնոցում» իրականացված միջոցառման հսկողությանը, տեղեկացնում ենք, որ մասնաճյուղի կանոնադրության համաձայն այն իրականացվել է մասնաճյուղի վարիչի կողմից, իսկ վերահսկողությունը` ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն ՊՈԱԿ-ի կողմից:

Ոչ լիարժեք հսկողության արդյունքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում նշված դրույթների կատարումը և ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Նկատի ունենալով արգելոցների և արգելոց-թանգարանների տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարարի 19.06.2014 թ. հրամանով ժամանակավոր դադարեցվել են արգելոցների և արգելոց-թանգարանների տարածքները վարձակալության հիմունքներով տրամադրելը, մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:

Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք արգելոց-թանգարանների և արգելոցների աշխատանքային ժամերը.
1. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան. երկուշաբթի` 10.00-19.00, երեքշաբթի-ուրբաթ` 10.00-21.00, շաբաթ-կիրակի` 10.00-23.00:
2. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան. երեքշաբթի-կիրակի` 10.00-19.00:
3. « Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության, «Մեծամոր» պատմահնագիտական, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանները, «Գոշավանք» պատմաճարտարապետական, «Արփի» բնապատմական, «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ. երեքշաբթի-շաբաթ` 10.00-17.30, կիրակի 10.00-15.30:

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը բոլոր արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է` հայտարարված է բաց դռների օր:

2014-06-21T16:33:40+00:00 21 / 06 / 2014|Լրահոս|