«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2014 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2014 թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքները: Հաշվետվության քննարկմանը մասնակցել է այդ նպատակով ՊՈԱԿ այցելած ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Ներկայացվել են ՊՈԱԿ-ին 2014 թ. սուբսիդիայի տրամադրման պայմանագրով նախատեսված և առաջին կիսամյակում կատարված աշխատանքերը, իրականացված և տարվա ընթացքում նախատեսվող գիտական աշխատանքները, առկա խնդիրները, պետական սեփականություն հանդիսացող` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների հաշվառման և պահպանության վիճակը:

Ս.թ. սուբսիդիայի տրամադրման պայմանագրում պարտադիր կատարման 47 կետ կա /2013 թ.` 21-ի փոխարեն/ և այս տարվա առաջին կիսամյակում դրանցից 25-ն արդեն կատարվել է: ՊՈԱԿ-ի տնօրենի 2014 թ. ապրիլի 29-ի հրամանով մասնավորապես հաստատվել է ՊՈԱԿ-ի թանգարանային հիմնական ֆոնդերի հաշվառման և պահպանության ներթանգարանային կարգը, իրականացվել է 5 հնագիտական կավե առարկաների վերականգնման, 20 հնագիտական կավե առարկաների մաքրման և ամրայակման աշխատանքներ: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն իր զեկույցում նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, ցուցահանդեսներ: Ներկայացվել են 11.970 թանգարանային առարկաներ, որից 11.350-ը մշտական, իսկ 620-ը` ժամանակավոր ցուցադրություններում: Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է 6 նոր ցուցահանդես, իսկ 3-ը` ցուցադրվում են նախորդ տարիներից: Իրականացվել են գիտակրթական, ուսուցողական ծրագրեր: ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի ս. թ. մարտի 25-ի նիստում քննարկվել է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի արգելափակոցի և ցանկապատի կառուցման նախագիծը: Ներդրումների ծրագիրը ներկայացվել է մշակույթի նախարարություն: Նշվեց նաև, որ ներկայում իրականացվում են արգելափակոցի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ: Քննարկման փուլում է գտնվում «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նոր շենքի հարցը: «Բերդի պատմամշակութային արգելոց » մասնաճյուղ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագիծ է կազմվել: Վլ. Պողոսյանի փոխանցմամբ, գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատվել է նաև Ամբերդ ամրոցի և հարակից տարածքում գտնվող հուշարձանախմբի հիման վրա «Ամբերդ» ամրոց» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ ստեղծելու հարցը: Քննարկվեց սահմանված կարգով «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի շենքը /թանգարանը ներկայում տեղակայված է մասնավոր անձի պատկանող շենքի մի հատվածում/ գնելու հարցը:

ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը հանգամանալից ներկայացրեց ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ կատարված պեղումները, թե հանրապետության հուշարձանների տարածքներում, թե արտերկրում /հայ-լեհական արշավախմբի կազմում/: Ա. Փիլիպոսյանի խոսքով, ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են նաև գիտաժողովների: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը նշեց, որ 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ՝ ՊՈԱԿ-ի պահոցներում մշտական պահպանության են վերցված 326. 268 միավոր թանգարանային առարկաներ, որոնցից 303. 814-ը հիմնական, իսկ 22.454-ը գիտաօժանդակ բնույթի նյութեր են: Վերականգնվել, ամրակայվել և մաքրվել են 25 հնագիտական թանգարանային առարկաներ: Լուսանկարվել է 1000 միավոր հնագիտական առարկա: Հաշվետու ժամանակահատվածում կազմվել են հնագիտական իրերի և փաստավավերագրական նյութերի 1201 վկայագրեր:

ՊՈԱԿ-ի բաժինների ղեկավարները, ՊՄՊ մարզային ծառայությունների պետերը, արգելոց-թանգարանների և արգելոցների վարիչները մշակույթի նախարարի տեղակալին ներկայացրին աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները. հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումներ, պահպանական գոտիների բացակայության փաստեր, երբեմն նաև հուշարձանի նկատմամբ սեփականատերերի կողմից թույլ տրվող կամայականություններ: Աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչ Արգամ Այվազյանը, ի թիվս այլ հարցերի խոսեց նաև տեղեկատվական վահանակներում տեղ գտած անճշտությունների մասին:

Արև Սամուելյանը դրական գնահատեց ՊՈԱԿ-ի աշխատանքը` նշելով, որ վերջին 10 տարիներին առաջընթացը նկատելի է: Նա ողջունելի համարեց նաև ՏԻ մարմինների ներկայացուցիչներին իրավական աջակցության շրջանակում օրենսդրական փաթեթի խտասկավառակի տրամադրումը, մարզխորհուրդների նիստերին ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությունը: Իրավախախտումների և դրանց բացահայտման ուղղությամբ անհարկի ձգձգվող դեպքերի առնչությամբ էլ նախարարի տեղակալն առաջարկեց ամբողջական փաթեթ ներկայացնել ոստիկանության բաժիններում քննվող գործերի ընթացքի վերաբերյալ, հետագայում գլխավոր դատախազին դիմելու նկատառումով, ինչպես նաև նախարարություն ներկայացնել 2013-2014 թթ. իրավախախտումները:

Մշակույթի նախարարի տեղակալը հանձնարարեց մշակել և ներկայացնել արգելոցների և արգելոց-թանգարանների 2015-2017 թթ.. զարգացման ծրագիրը, ինչպես նաև` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրության պլանը: Խոսելով «Լոռի բերդի» մասին` նա ասաց, որ մուտքի նախագիծը պատրաստ է, և հույս հայտնեց, որ վերականգնման աշխատանքներն առաջիկայում կսկսվեն:

Անդրադառնալով «Գոշավանք», «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններում թանգարանային շենքեր ունենալու անհրաժեշտությանը` Ա. Սամուելյանն առաջարկեց ներկայացնել նաև էսքիզային հատակագիծը, խնդիրն ավելի առարկայական քննարկելու համար:

2014-07-11T16:35:21+00:00 11 / 07 / 2014|Լրահոս|