Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Արարատի մարզ
գ. Բյուրավան
պետ. ցուցիչ՝ 3.26.2

 

Գտնվում է գյուղի մեջ: Կառուցվել է XIX դ. կեսերին: Ուղղանկյուն հատակագծով կառույց է: Արևելյան կողմում ուղղանկյուն հատակագծով խորանն է՝ մոտ 1 մ բարձրություն ունեցող բեմով: Խորանին կից եղել են ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատներ, որոնցից պահպանվել է միայն աջակողմյանը: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում, որոնք կամարակապ են և ձևավորված են ատամնաշար քիվերով: Կառուցված է վարդագույն տուֆով: Եկեղեցու հարավային պատին ագուցված է XII-XIII դդ. խաչքար:

1920 թ. եկեղեցին վերածվել է ակումբի, իսկ 1930-ական թթ. ՝ ավերվել: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1992 թ. (ճարտարապետ՝ Հրաչ Գասպարյան):

Եկեղեցու բակում կանգնեցված է ազատագրական պայքարի նահատակներին, 1915 թ. Եղեռնի և 1988 թ. երկրաշարժի զոհերին նվիրված խաչքար:

Հիմնական գրականություն

Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013:

Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010:

2014-08-07T13:40:04+00:00 07 / 08 / 2014|Հուշարձաններ|