ԿԱՐԱՉԱԵՎՈ-ՉԵՐԿԵՍԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ 13 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

ԿԱՐԱՉԱԵՎՈ-ՉԵՐԿԵՍԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ 13 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

2014-10-10T17:21:43+00:00 10/10/2014|Լրահոս|

Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում, ս. թ. հոկտեմբերի 5-10-ը Երևանում անցկացվեց «Մշակութային մտավոր ժառանգության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողով: Մասնակիցներից ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի և Հյուսիային Օսեթիայի Հանրապետությունների տարբեր բուհերի ճարտարապետության ու պատմության ֆակուլտետների 4-րդ և 5-րդ կուսերի ուսանողներն այսօր հյուրընկալվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում:

Ողջունելով երիտասարդ գործընկերներին` ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գործակցությունն ավելի կսերտանա: Ա. Փիլիպոսյանն ապագա ճարտարապետներին ու պատմաբաններին ներկայացրեց ՊՈԱԿ-ի գործառույթները, նշելով, որ ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվում են օտարման ոչ ենթակա շուրջ 19. 000 հուշարձանների պահպանություն, ուսումնասիրում և հանրահռչակում, գործունեության 25 տարիների ընթացքում էլ հաջողվել է լուրջ բազա ստեղծել` հարստացնելով մեր մշակութային ժառանգության ֆոնդը:

ՌԴ պատվավոր ճարտարապետ Վլադիմիր Բեսոլովն իր հերթին շեշտեց, որ ՊՈԱԿ-ը հուշարձանների պահպանության գնահատելի գործին զուգահեռ, գիտահետազոտական լուրջ աշխատանքներ է իրականացնում:

Նշենք, որ ՊՈԱԿ-ի գիտամոթոդական խորհրդի որոշմամբ արդեն իսկ տպագրված պրակներում ներկայացված են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորամանյանի` 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Ձեռնարկները լուրջ եւ կարեւոր նյութեր են ճարտարապետությունն ուսումնասիրողների համար: Մեծանուն ճարտարապետի անձնական հսկայական արխիվը պահվում է ՊՈԱԿ-ի ֆոնդում:

Ապագա ճարտարապետներն ու պատմաբանները ծանոթացան ՊՈԱԿ-ի հնագիտական, ազգագրական, փաստավավերագրական /սևանկարների, լուսանկարների, անձնական` Թորամանյանի և այլ հեղինակավոր ճարտարապետների/ֆոնդերին: Հնագիտական ֆոնդում նրանց ներկայացվեցին վաղ երկաթի և ուշ բրոնզե դարի ժամանակաշրջանի պեղված իրեր ու առարկաներ: Հյուրերը ծանոթացան նաև Թորամանյանի արխիվային նյութերին, ձեռագրերին, նրանց տեղեկացվեց, որ ՊՈԱԿ-ի ֆոնդերում ընդհանուր առմամբ շուրջ 304. 000 թանգարանային առարկա կա:

Ցուցադրվեց նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչ Ա. Այվազյանի հեղինակած «Բանտված աշխարհ» ֆիլմաշարի «Խզված մեղեդի` Ջուղա» երկու մասից բաղկացած տեսաֆիլմի մի հատված: Դա Ջուղայի պատմական անցյալի, նրա հռչակավոր գերեզմանատան հուշարձանների ավերման, Ջուղայի խաչքարերի արվեստի մասին է:

Հանդիպման ավարտին հյուրերին գեղեցիկ անակնկալ էր սպասում: ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից նրանցից յուրաքանչյուրին հանձնվեցին «Զվարթնոցի» բուկլետի, «Մոմիկ» գրքի, ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ թողարկված կրծքանշանի մեկական օրինակներ: ՌԴ պատվավոր ճարտարապետ Վլադիմիր Բեսոլովին նվիրեցին ճանաչված պատմաբան Հայկ Ղազարյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը» գիրքը և Ավստրիայում պատրաստված` «Գառնի» տաճարը պատկերող հուշանվեր:

Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղան ՊՈԱԿ-ի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, ծանոթացան թանգարանում ներկայացված իրերին ու առարկաներին, շրջեցին հուշարձանի տարածքում: Ավելի վաղ նրանք այցելել էին նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Գեղարդ: