«ԿԱՐԱԿՈՅՈՒՆ» (ՋՂԻՆ) ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

«ԿԱՐԱԿՈՅՈՒՆ» (ՋՂԻՆ) ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ
Արարատի մարզ
գ. Այգավան
պետ. ցուցիչ՝ 3.8.2.8

 

Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է: Գտնվում է Վեդի գետի ձախ՝ Մանկուկ վտակի աջ կողմում, գեղատեսիլ սարահարթի վրա: Գյուղատեղիի հուշարձանները վերագրվում են IX-XVII դդ.: Լքվել է 1925-1945 թթ.՝ բնակավայրերի խոշորացման պատճառով: Այստեղ պահպանվել են դեռևս X դ-ից հիշատակվող երկու գերեզմանոցներ՝ արձանագիր, քանդակազարդ տապանաքարերով: Գյուղատեղիի հարավային կողմում՝ Խաչի ձոր տանող ճանապարհին, պահպանվում են տեղահան արված արձանագիր ու գեղաքանդակ տասնյակ խաչքարեր: Ուշագրավ են միջնադարյան խաչքարագործությանը բնորոշ տարրերով կերտված բազալտե երկու խաչքարերը, որոնք կանգնեցվել են գյուղի վերաշինման առիթով, 1551 թ.: Խաչքարերից մեկն ունի 1,57 մ բարձրություն, 0,85 մ լայնություն և 0,30 մ հաստություն: Կերտել է Խաչատուր քարգործը: Խաչքարի վերևի մասը կոտրված է: Հյուսիսային կողին կա 12 տողանի պարզ ու հստակ արձանագրություն. ԿԱՄ[ԱԻՆ] Ա/ՍՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ: ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է: ԹՎԻՍ Ռ/=1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ՏՈՒՐ /ԳԾ/ՈՂ/Ս: Ըստ ուսումնասիրողների՝ արձանագրության մեջ ակնարկված Հասան Փահճան Հասան բեկն է, իսկ «սաւուլղար»-ը XIV-XVIII դդ. Արևելքում տարածված հողատիրական իրավունքի ձև է:

Մյուս խաչքարի բարձրությունը 1,8 մ է, լայնությունը՝ 0,82 մ, հաստությունը՝ 0,25 մ: Խաչքարի քիվի վրա քանդակված է գյուղի ենթադրյալ հիմնադրի անունը՝ Մարգար. Ս/ՈՒՐ/Բ ԽԱՉՍ ԲԱՐԵԽ/ԱԻ/Ս ՄԱՐԳԱ/ՐԻՆ/: Հիմքեր կան, սակայն, պնդելու, որ Մարգարը գյուղի վերահիմնողն է: Այս խաչքարը նույնպես կերտել է Խաչատուր գծողը:

Հիմնական գրականություն

Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984:

Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010:

2014-10-20T17:22:33+00:00 20 / 10 / 2014|Հուշարձաններ|