ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԵՀԱՍՏԱՆ. ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայ-լեհական հնագիտական գործակցությունը դրական արդյունքներ է արձանագրում: 2012 թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանի և Վարշավայի համալսարանի ռեկտոր Վ. Նովակովսկու միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Երկրորդ տարին է ինչ հայ-լեհական արշավախումբը պեղումներ է իրականացնում Մեծամոր քաղաքատեղիում: Ծրագիրը շարունակական է և 2015 թ. աշխատանքները նոր թափ կստանան: Իսկ մինչ այդ հնագետները որոշել են իրենց աշխատանքները յուրովի ներկայացնել: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ս.թ. հոկտեմբերի 21-ին, վահանակների վրա ցուցադրվել են Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված հնագիտական պեղումների արդյունքները
/հուշարձանների, գտածոների լուսանկարներ/: Ներկայացվել էին նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների` վերջին տարիներին կատարած պեղումների լուսանկարները:

Հայ-լեհական համագործակցության և կատարված հսկայական աշխատանքի մասին բացման խոսքում նշեց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը` հավաստիացնելով, որ գալիք տարիներին համագործակցությունը նոր զարգացումներ կնշանավորի:

«2014 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը պեղումներ իրականացնելու յոթ տասնյակ թույլտվություն է տվել», -ասաց ցուցադրությանը ներկա` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նրա խոսքով, ուրախալի է, որ Մեծամորում աշխատանքները համատեղ` ՊՈԱԿ-ի հնագետների և լեհ մասնագետների կողմից են իրականացվում: Ա. Սամուելյանի փոխանցմամբ, ուսանելի է նաև փորձը, որ կողմերը ձեռք են բերում այս ընթացքում:
Մեծամորում պեղումների իրականացման 5-ամյա ծրագիր կա հաստատված, և առաջիկա երեք տարիներին աշխատանքները կշարունակվեն: Մշակույթի նախարարի տեղակալը արձանագրեց, որ գործակցության շրջանակում հայ և լեհ հնագետները նաև վերապատրաստվում են, համոզմունք հայտնեց, որ ապագայում նրանք կկարողանան իրենց ծանրակշիռ խոսքն ասել գիտության ոլորտում:

Ցուցադրությանը ներկա էր նաև Վարշավայի հնագիտության համալսարանի Exsplorer club-ի ղեկավար Մարիուշ Ժուկովսկին: Ավարտին լեհ հնագետներն իրենց աշխատանքների մասին պատմող երկու ֆիլմ ներկայացրին: