ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է. ԱՀԱԶԱՆԳ ԹԵԺ ԳԾԻՆ

Փետրվարի 6-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թեժ գծին ահազանգել է Եղեգիս գյուղի բնակիչ Սոս Բաբումյանը և տեղեկացրել, որ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին վթարային վիճակում է, որի հետևանքով հողաթափում է կատարվում: Քաղաքացին խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ հուշարձանը պահպանելու համար:

Ս. Աստվածածին եկեղեցին (պետ. ցուցիչ` 9.21.9.) մշտապես եղել է Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության ուշադրության կենտրոնում: Մարզային ծառայությունը հուշարձանի խիստ վթարային վիճակի մասին տեղեկացրել է վերադասին, ՊՈԱԿ-ի տնօրինությունն էլ` 02.04.2014թ. N1-162 գրությամբ դիմել է լիազոր մարմնին:

ՊՄՊ մարզային ծառայության պահապաններ Հայկ Զաքարյանը, Արտյոմ Մանասերյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը օրերս կրկին եղել են հուշարձանի տարածքում և արձանագրել, որ հուշարձանի պատերի միջից արտաքին ջրերը հոսում են ներս` իրենց հետ բերելով շարած քարերի արանքների կավն ու հողը, տանիքի երկու հատվածից էլ քարեր են թափվել:

Հնարավոր պատահարներից խուսափելու համար պահապանները եկեղեցու դռան վրա կառույցի վթարային լինելու մասին զգուշացնող հայտարարություն են փակցրել:

2015-02-10T16:22:54+00:00 10 / 02 / 2015|Թեժ գիծ, Լրահոս|