ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ 3.98/

Հայոց Խոսրով 3-րդ արքան, որը հայտնի է նաև Կոտակ անունով (իր կարճահասակության պատճառով էր ստացել այդ անունը), իր գահակալության տարիների ընթացքում (330-338 թթ.) երկրի ներքին կյանքում նախաձեռնեց մի շարք կարևոր բարեփոխումներ: Ինչպես գիտենք, չափազանց կարևոր նշանակություն ուներ Դվին մայրաքաղաքի հիմնադրումը, որից հետո, չբավարարվելով քաղաքաշինության զարգացմամբ, որոշեց նաև հիմնել արքունի որսատեղի` հրամայելով անտառը լցնել կենդանիներով: Այս որսատեղին, որը նրա անունով կոչվեց Խոսրովի անտառ, հանդիսանում է աշխարհի ամենահին արհեստական անտառներից մեկը: Պատմական բոլոր շրջափուլերում էլ այն պահպանել է իր նշանակությունը և, պատահական չէ, որ Խորհրդային Հայաստանի քաղաքական ղեկավարության 1958 թ. որոշմամբ կազմակերպվեց «Խոսրովի անտառ» արգելոցը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման և նոր տեսակների ստացման խնդիրը ունի առաջնահերթ կարևորություն: Խոսրովի անտառը սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ և Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին` զբաղեցնելով 27000 հա տարածություն: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա: Արգելոցի բուսատեսակների թիվը հասնում է 1800-ի, որոնցից մոտ 150-ը ընդգրկված են Կարմիր գրքում:

Խոսրովի պետական արգելոցը, բացի հարուստ կենդանական և բուսական աշխարհից, աչքի է ընկնում նաև իր պատմական, մշակութային կառույցներով, հոգևոր կոթողներով, գյուղատեղիներով, խաչքարերով և տապանաքարերով: Արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների թիվը հասնում է 300-ի, որոնցից 19-ը` բնակատեղի է, մոտ երեք տասնյակ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, երկու հարյուրից ավել խաչքարեր, տապանաքարեր: Սփռված լինելով ողջ արգելոցի տարածքով` վերջիններս հիմնականում արտացոլում են միջնադարյան Հայաստանի տարբեր փուլերին առնչվող մշակութային շերտեր: Ազատ գետի աջակողմյան սարալանջին է գտնվում Ավանիկ, Փոքր Շեն /պետ. ցուցիչ` 3.98.4./ գյուղատեղիի ավերակները, որը գոյատևել է V-XX դդ և պատմական տարբեր ժամանակներում պատկանել է սկզբում Հավուց Թառին, այնուհետև XVIII-րդ դարից` Խոր Վիրապին: Հին գյուղատեղիում պահպանվել է կիսավեր եկեղեցին, որն ըստ պատմաճարտարապետական վերլուծության թվագրվում է IV-V դդ:

Եկեղեցու արևմտյան կողմում պահպանվել է փորագիր խաչերով կոթող, հարավային պատի տակ IX-X դդ խաչքարեր, տապանաքարեր բնակելի շինության հետքեր, հյուսիս-արևելյան կողմում պահպանվել է XII-XVI դդ աղբյուր: Ազատ գետի վերին հոսանքի աջ ափի տափարակ դարավանդի վրա` զառիթափ լանջի ստորոտին սփռված է Իմիրզեկ, Վանաստան /պետ. ցուցիչ`3.98.10./ գյուղատեղին և վանական համալիրը, որոնք թվագրվում են XII-XVIII դդ., գրավում են մոտ 3 հա տարածք: Գյուղատեղիում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների ավերակներ, կենտրոնական մասում պահպանվել են XIII դարի Ս. Աստվածածին եկեղեցու ավերակները, արևմտյան կողմում կա հին գերեզմանոց` բազմաթիվ խաչքարերով և տապանաքարերով: Իմիրզեկ գյուղատեղին և վանական համալիրը ավերվել են 1679թ. երկրաշարժի ժամանակ և շինությունների մեծ մասը գտնվում է փլատակների տակ: Հուշարձանախումբը միջնադարյան զարգացած և հարուստ ճարտարապետական նմուշներից է: Ազատ գետի աջ ափին տեղակայված է «ԲԵՐԴԱՏԱԿ» (Կալադիբի) /պետ. ցուցիչ` 3.98.6.2./ լքված գյուղատեղին, որը թվագրվում է XVII-XVIII դդ.: Գյուղատեղիի մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել: Այն իր անվանումը ստացել է ԱՄՐՈՑ «ԿԱՔԱՎԱԲԵՐԴ» /պետ. ցուցիչ` 3.98.6./, տակ գտնվելու պատճառով: Գյուղատեղին ապաբնակեցվել է 1950-ական թվականներին, իսկ տարածքում պահպանված պատմաճարտարապետական շինությունները հիմնականում գտնվում են կիսաքանդ վիճակում:

2015-05-15T14:32:02+00:00 17 / 04 / 2015|Հուշարձաններ|