«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

«ԳԱՌՆԻ»
ՊԱՏՄԱ-
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Կոտայքի մարզ
գ. Գառնի

«Գառնի» պատմա-
մշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

Տաճարից քիչ հեռու` գեղատեսիլ կիրճի ֆոնի վրա, 1978 թ. կառուցվել է տաճարը վերակագնող ճարտարապետ Ալ. Սահինյանի հիշատակի աղբյուր-հուշարձանը:

Հուշարձանախմբի ուսումնասիրման աշխատանքները սկսվել են XIX դ. վերջերին: Այնուհետև 1909-1911 թթ. ակադեմիկոս Ն. Մառի, ապա 1950-ական թվականներից  Բ. Առաքելյանի ղեկավարությամբ պարբերաբար  իրականացված պեղումների շնորհիվ համալիրի տարածքում բացվեցին մի շարք հուշարձանների մնացորդները և ի  հայտ եկան արժեքավոր հնագիտական նյութեր: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա  համալիրի  հուշարձանների մի մասի մնացորդները (եկեղեցի, բաղնիք, պալատական շենք, պարիսպներ և այլն) ամրակայվեցին, իսկ հեթանոսական տաճարը 1968-1974 թթ. ամբողջապես վերակագնվեց:

Արգելոց-թանգարանում գտնվող հուշարձանախումբը, որպես պատմամշակութային ժառանգություն, արժևորվել է դեռևս նախորդ դարի սկզբներից ու տարբեր ժամանակներում, որպես պահպանական միավոր, եղել է հանձնված պետական մարմինների պահպանությանը. 1988 թ. հունիսի 14-ի ՀԽՍՀ մինիստրների խորհրդի N 380 որոշման համաձայն այն ընդգրկվել է ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և գլխավոր վարչության «Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների» միացյալ դիրեկցիայի կազմում, իսկ 2004թ. հուլիսի 8-ի N 853-Ն որոշմամբ` մինչ օրս հանդես է գալիս որպես ՀՀ մշակույթի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ:

2002-2003 թթ. Լինիսի հիմնադրամի միջոցների հաշվին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարնում կատարվեցին վերականգնման, բարեկարգման և այլ աշխատանքներ: Մասնակի վերականգնվեց պարսպատի մուտքի մասը` հատակից երկու աշտարակներով, անտիկ բաղնիքն ամբողջովին առնվեց ծածկի տակ, վերաշարվեց պալատական դահլիճի և հարակից շինությունների խարխուլ պատերը, սալապատվեց տաճարի դիմացի հրապարակը, կառուցվեցին անցուղիներ, դիտակետ, սպասարկման սրահ և զուգարան, անցկացվեցին էլեկտրական լուսավորություն: Իսկ 2009 թ. ռադիոֆիկացվեց արգելոց-թանգարանի ողջ տարածքը, և Գառնի տաճարի շուրջ տեղադրվեց գեղարվեստական լուսավորության համակարգ, ինչը հնարավորություն ընձեռեց երեկոյան ժամերին երաժշտության ուղեկցությամբ, բազմերանգ լուսային էֆեկտներով ընդգծել հուշարձանի ճարտարապետական, ծավալատարածական, քանդակազարդման և գեղարվեստական հարդարման առանձնահատկությունները:

2011 թ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացավ «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին: Արգելոց-թանգարանի տարածքում ամեն տարի տեղի են ունենում բազմամարդ մշակութային միջոցառումներ: Այն հանրապետության զբոսաշրջային ամենշատ այցելություն ունեցող հուշարձաններից է, ուր ամեն տարի այցելում է  136 000-ի հասնող զբոսաշրջիկներ:

 

Հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Գառնի
Էլ. փոստ՝ hushardzan@yandex.ru

Արգելոց-թանգարանի աշխատանքային օրերն ու ժամերը՝
Երեքշաբթի – շաբաթ , 9:00 – 17:30 (մայիսից – նոյեմբեր՝ 9:00-22:00)

Կիրակի՝ 9:00-15:30

Հանգստյան օրը՝ երկուշաբթի: