ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց > «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
LoriBerd_06

«ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ»
ՊԱՏՄԱ-
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԱՐԳԵԼՈՑ

 

Պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ոչ հեռու` Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթում, ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա: Արգելոցի տարածքում գտնվող բերդի մասին հավաստի տեղեկություն է տալիս XIII դ. պատմիչ Վարդան Արևելցին: Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը` 8.5 հա է: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում` միակ մուտքն է: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ-ի, բարձրությունը՝ 20—25 մ-ի: Պարսպի պարագծով փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք  բերելու համար: Ձորագետի կիրճի եզրին բացված ընդարձակ շինության նշանակությունն առայժմ անհայտ է: Ենթադրվում է, որ այն եղել է պալատական կառույցի ներքնահարկ և կանգուն է մնացել մինչև XVIII – XIX դարերը:

 

Բերդի տարածքը և հարակից շրջանները բնակեցված են եղել վաղագույն ժամանակներից: Այդ են վկայում տեղում պեղումների ընթացքում բացված միջինբրոնզեդարյան – երկաթեդարյան դամբարանադաշտերի (մ.թ.ա. XXI/XIX – VII/VI դդ.) հարուստ նյութերը: Հնագիտական հետազոտությունները հուշարձանի տարածքում սկսվել են 1966 թ. և շարունակվում են առ այսօր:

 

Հաշվի առնելով Լոռե բերդի պատմամշակութային դերն ու նշանակությունը և նրա հետագա ուսումնասիրման ու պահպանման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը 2010 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1426-Ն որոշումով այս տարածքին տվել է «Լոռի բերդ»քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, ներառելով այն ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: