ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ` «ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

«Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ, Վայոց Ձորի Արենիի միջնակարգ դպրոցում անցկացվել է բաց դաս` «Վառ պահենք մեր մտավորականների արյունով ներկված ժառանգությունը» թեմայով: Միջոցառումն իրականացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի՝ «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո:

Բաց դասին ներկա է եղել դպրոցի 7-9-րդ դասարանների 65 աշակերտ: Ռուբեն Սևակին նվիրված դասը սկսվել է կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմել է Ռ. Սևակի կյանքի ու գրական գործունեության մասին: Դպրոցականներին տպավորել է Ռ. Սևակի՝ հատկապես բժշկի մասնագիտությունը և այն, որ ի տարբերություն մյուս մտավորականների, Սևակին առաջարկել են կրոնափոխ լինել և փրկվել թուրքի յաթաղանից, սակայն նա գերադասել է մահը:

Ֆիլմի դիտումից հետո, դպրոցականները ներկայացրել են Ռ. Սևակի ստեղծագործությունները: Հնչել են Սևակի քնարական բանաստեղծությունները` «Երգ երգոց», «Սիրո մրմունջ», «Գիշերին մեջ երգ» և այլ ստեղծագործություններ:

Միջոցառման վերջում, ամփոփելով բաց դասը, արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայ, ամեն մի դպրոցական պարտավոր է ճանաչել Ռուբեն Սևակ մտավորականին, հայրենասերին, ազգի նվիրյալին, բանաստեղծին, հայրենիքի ազատության պայքարի գաղափարակրին, որն իր կյանքն անմնացորդ նվիրել իր ժողովրդին:

Բաց դասի ավարտին հնչել է Կոմիտասի հոգեցունց երաժշտությունը:

2017-10-31T14:24:31+00:00 29 / 09 / 2015|«Արփի» բնապատմական արգելոց|