ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ, Խարհրդային Միության հերոս Աղվան Բաբայանին նվիրված «Փառքի ցերեկույթ» խորագրով միջոցառում է անցկացվել Թառաթումբ համայնքի մշակույթի տունը: Միջոցառմանը ներկա են եղել գյուղից դուրս ապրող թառաթումբցիներ, հերոսի հարազատները:

Լեփ-լեցուն դահլիճի պատերը զարդարված են եղել հայերանսիրական կոչերով պաստառներով. « Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել», «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար»: Ցուցադրվել են Հայրենական Մեծ պատերազմում զոհված նահատակների՝ Վայոց ձորի մարզի հուշարձանների լուսանկարները: Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական ակնարկն ուղեկցվել է էկրանին ցուցադրվող խորհրդային զորքերի հաղթարշավներով, միջոցառման ոգուն համահունչ երաժշտությամբ: Անդրադարձ է կատարվել Մեծ Հայրենականում հայ ժողովրդի հերոսապատումներին, հատկապես Խորհրդային միության հերոս Աղվան Բաբայանի սխրանքներին:

Հերոսի եղբոր որդին՝ Սերգեյ Բաբայանն անկեղծացել է հորեղբոր մասին հուշերով: Ելույթ են ունեցել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի զինկոմը, Թառաթումբի համայնքապետ Վահան Մարկոսյանը, իրավաբան Վահե Մարգարյանը, որն առաջարկել է գյուղում կանգնեցնել հերոսի արձանը:

ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախապատրաստմանն ու անցկացմանն աջակցած կազմակերպություններին, մասնավորապես` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնին, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրինությանը: Մարզային ծառայության պետն առաջարկել է գյուղի դպրոցն անվանակոչել Աղվան Բաբայանի անունով:

2015-10-28T16:44:28+00:00 26 / 10 / 2015|Լրահոս, Նորություններ|