«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ն ԱՐԱԺԱՆԱՑԵԼ Է ԻԿՕՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՆ

Ս.թ. հոկտեմբերի 24-27-ը Հայաստանում կայացել է ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի միջազգային կոմիտեի տարեկան գիտաժողովը, որի պաշտոնական գործընկերներից է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Հոկտեմբերի 27-ին գիտաժողովի մասնակիցներն այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, որտեղ «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» խորագրով ծրագրի շրջանակներում Կույրերի միավորման երգչախմբի կատարմամբ` Զվարթնոց տաճարի կամարների ներքո, հնչել են հայ մեծանուն կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի անմահ գործերը:

«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» ծրագիրը, որի հիմքը դրվել է դեռևս 2010 թ. և շարունակական բնույթ է կրում, նպատակաուղղված է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները և հուշարձաններն առավել մատչելի դարձնելու հատուկ կարիքներ ունեցող այցելուների համար` ակտիվորեն ներգրավելով նրանց հայաստանյան մշակութային կյանքին: Ծրագրի ավարտին երգչախմբի համար կազմակերպվել է էքսկուրսիա` արգելոց-թանգարանի տարածքում:

ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի միջազգային կոմիտեի տարեկան գիտաժողովի փակման արարողության ժամանակ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արաժանացել է հատուկ շնորհակալագրի` ցուցաբերած հյուրընկալության և օժանդակության համար:

Գիտաժողովի մասնակիցները,ԻԿՕՄ-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի միջազգային կոմիտեի նախագահ Մարիո Ռիտայի գլխավորությամբ, Հայաստանից իրենց հետ տարան նուռ ու խաղող. խորհրդանիշեր, որոնք հաճախ են հանդիպում Զվարթնոց տաճարի զարդաքանդակներում: