ՊՈԱԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 2014-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի կունենա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` 2014-2015 թվականներին հրատարակած մեկ տասնյակից ավելի գրքերի և քարտեզների շնորհանդեսը: Այդ ցանկում կա նաև գիտական հոդվածների ժողովածու, որտեղ արծարծվում են նյութական և հոգևոր մշակութային պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման հիմնահարցեր: Վերահրատարակվել է նաև Գրիգոր Չալխուշյանի «Կարմիր գիրք» աշխատությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Բորիս Պիոտրովսկին և հնագիտությունը» աշխատությունը հեղինակի տեսանկյունից անդրադարձ է Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրներին: Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի` «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» գրքում էլ ներկայացված են XVI-XVIII դդ. Երևանի պատմության և հնագիտության հարցերը` 2003 թ.-ին Հանրապետության հրապարակում բացված շինությունների և հայտնաբերված հնագիտական նյութի հիման վրա:

Ա-Դո`«Իմ հիշողությունները» գրքում հայ պատմագիտության հանրաճանաչ և միաժամանակ խորհրդային տարիներին սակավ ծանոթ, պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր, Ա- Դոյի / Հովհաննես Տեր-Մարտիրոսյան/ հուշերն են՝ որ սկսած 1940-ական թվականների վերջից մնացել են անտիպ: Ինքնակենսագրական բնույթ ունեցող աշխատությունը տպագրվում է առաջին անգամ: Ներկայացնում է 1880-1920 թթ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունները:

Այս հրատարակությունները ընթերցողին հնարավորություն կտան ուշադրության կենտրոնում պահելու ոչ միայն պատմամշակութային ժառանգությանը, այլև հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների հիմնախնդիրներին առնչվող հարցեր, որոնք մեր օրերում ևս պահպանել են իրենց արդիականությունը:

1.«Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցի»- III պրակ
2. «Բորիս Պիոտրովսկին և հնագիտությունը»
3. «Պատմամշակութային ժառանգություն» –I պրակ
4. «Красная книга» – Գրիգոր Չալխուշյան
5. «Մեծամոր. Կեսդարյա պեղումների տարեգրություն»
6. «Մեծամոր» /պատմահնագիտական ակնարկ/
7. «Մեծամորի հնագիտական նյութերի պատկերաշար»
8. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածու
9. «Իմ հիշողությունները» – Ա-Դո
10. «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության»
11. «Письма»- Անատոլի Յակոբսոն
12. «Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքներ»
13. Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզ
14. ՊՈԱԿ-ի 2014 թ. գործունեության հաշվետվություն
15. Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզ
16. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ձեռնարկ- անգլերեն ուղեցույց
17. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ձեռնարկ –ռուսերեն ուղեցույց

2015-11-04T16:47:40+00:00 28 / 10 / 2015|Լրահոս|