ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ 19 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում կայացավ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` 2014 թ. երրորդ եռամսյակում և 2015 թ. հրատարակած գրքերի, քարտեզների, կատալոգների շնորհանդեսը:

«ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է 19 միավոր գիրք: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ՊՈԱԿ-ի գիտական ներուժին` տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, գիտակրթական, գիտալուսավորչական, հանրահռչակման բնագավառում ներդրած ջանքերի համար: Առաջին անգամ հրատարակվել են «Պահպանության ծառայության» գիտամեթոդական խորհրդի երեք անդամների աշխատությունները», – իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Վերահրատարակվել է նաև Գրիգոր Չալխուշյանի «Կարմիր գիրք» աշխատությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի` «Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության» գրքում էլ ներկայացված են XVI-XVIII դդ. Երևանի պատմության և հնագիտության հարցերը` 2003 թ.-ին Հանրապետության հրապարակում բացված շինությունների և հայտնաբերված հնագիտական նյութի հիման վրա: «Արցախի վանքերն ու եկեղեցիները» կատալոգ-ալբոմն էլ ներառում է Արցախի ամենակարևոր 384 հուշարձանները: Ա-Դո`«Իմ հիշողությունները» գրքում հայ պատմագիտության հանրաճանաչ և միաժամանակ խորհրդային տարիներին սակավ ծանոթ, պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր, Ա- Դոյի / Հովհաննես Տեր-Մարտիրոսյան/ հուշերն են՝ որ սկսած 1940-ական թվականների վերջից մնացել են անտիպ: Ներկայացնում է 1880-1920 թթ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու հերոսական իրադարձությունները:

Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին Գառնու տաճարի պատկերով հուշանվեր հանձնեց:

Ն. Հովհաննիսյանը, ով Գրիգոր Չալխուշյանի հուշերի հիման վրա կազմված «Կարմիր Գիրք» գրքի նախաբանն է գրել, իր խոսքում նշեց, որ գիրքը կարծես հայ մարդու համար պաշտամունքի առարկա է: Նրա խոսքով, ՊՈԱԿ-ի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն ընձեռնվեց կրկին ներկայացնել Գ. Չալխուշյան քաղաքական գործչին:

Ըստ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հետաքրքիր գիտական նյութ է հրամցնում: Նրա փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի արխիվում տասնյակ տարիներ պահվող նյութերը նոր կյանք են առել`դառնալով բոլորիս սեփականությունը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը անդրադառնալով հայ ճարտարապետության նվիրյալ Թորոս Թորամանյանին, նշեց, որ ՊՈԱԿ-ի ֆոնդերում է պահվում վերջինիս արխիվը: Նրա խոսքով, «Պահպանության ծառայություն»-ը այդ ժառանգության կրողն է և պարբերաբար հրատարակության է ներկայացնում անվանի ճարտարապետի աշխատությունները, կազմակերպում`գիտաժողովներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հրատարակված գրականությունը տեղադրել գրադարանի էլեկտրոնային շտեմարանում:

Մշակութային քաղաքականության ձևավորման, հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, հանրահռչակման գործում ունեցած ավանդի և գրահրատարակչական ակտիվ գործունեության համար Ազգային գրադարանի տնօրենը «Հակոբ Մեղապարտ» մեդալով պարգևատրեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին:

Գրքերի շնորհանդեսին զուգահեռ, Ճարտարապետների միության նախասրահում բացվել էր Արամ Վրույրի ապակե նկարներից արված` Արևմտյան Հայաստանի հուշարձանները պատկերող լուսանկարների ցուցահանդեսը:

2015-11-04T16:40:11+00:00 30 / 10 / 2015|Լրահոս|