ԱՐՏԱՎԱԶԴԻԿ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

2014թ. ինքնակամ կառուցապատման /տաղավարի, էլեկտրական սյան տեղադրում, ցայտաղբյուրի կառուցում/ աշխատանքներ էին իրականացվել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող Արտավազդիկ կիսավեր եկեղեցու /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում: Անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին: 2014թ. օգոստոսի 12-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գրությամբ դիմել էր Արագածոտնի մարզի դատախազություն: Արագածոտնի մարզի քննչական բաժնում քր. գործի հարուցումը մերժվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քննչական բաժնի վերոհիշյալ որոշումը 2014թ. սեպտեմբերի 3-ին ՊՈԱԿ-ի կողմից բողոքարկվել էր մարզի դատախազին : Բողոքի հիման վրա 10.09.2014թ. հարուցվել էր քրեական գործ, կատարվել` նախաքննություն: Արագտածոտնի մարզային քննչական վարչությունում 2014թ. դեկտեմբերի 20-ին որոշում էր կայացվել` հանցակազմի բացակայության հիմքով քր. գործով հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին:

Նկատի ունենալով, որ հուշարձանի պահպանական գոտում իրականացված ինքնակամ կառուցապատման աշխատանքների հետևանքով խախտվել են գործող օրենսդրության մի շարք պահանջներ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` պետական հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու և հուշարձանի պահպանական գոտու նախկին վիճակը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց է հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատական` թվով երրորդ նիստը, հունվարի 26-ին է:

Հ. Գ. Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Բյուրական համայնքի արևմտյան եզրին` մոտ 1 կմ հեռավորության վրա: Համարվում է V-VI դդ. կառույց (ըստ որոշ տվյալների` VII դ.), կառուցված է կարմիր սրբատաշ տուֆաքարից և պատկանում է միախորան խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին: Արտավազդիկի արևելյան խաչաթևը կիսաշրջանաձև է, իսկ մյուսները` ուղղանկյուն: Հյուսիս արևելյան անկյունում ոչ մեծ ավանդատուն կա: Եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է XII-XIII դդ., որի ընթաքում էլ արևմտյան խաչ թևի տանիքին ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատունը (XIII դ.): Հուշարձանը մեծապես տուժել է 1340թ. ջրհեղեղներից, երկրորդ անգամ վերանորոգվել է 1959-60 թթ.: Եկեղեցու մյուս թևերի գմբեթը և թաղածածկերը փլված են: Հուշարձանի տարածքում առկա են եկեղեցու բաթմաթիվ բեկորներ: