ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լրահոս > ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ՝ ԱՆԻԻ Ս. ԳՐԻԳՈՐ (ԳԱԳԿԱՇԵՆ) ԵԿԵՂԵՑԻՆ
gagkashen

«Եթե քննենք միայն Գագկաշեն Ս. Գրիգորի պեղումները, կտեսնենք, թե ինչ հետաքրքրական նոր աշխարհ մը կպարզվի մեր աչքին»,-Անիի Ս. Գրիգոր Գագկաշեն եկեղեցուն նվիրված աշխատության մեջ գրում է Թորոս Թորամանյանը:

2014 թվականին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից վերահրատարակվել է Թորոս Թորամանյանի «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին» գրքի III պրակը: Սա ՊՈԱԿ-ի հրատարակած «Հայկական պատմամշակութային ժառանգության վավերագրեր» մատենաշարի չորրոդ հրատարակումն է:

Եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պրակը ներկայացնում է Թ. Թորամանյանի կատարած Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցու չափագրություններն ու վերակազմությունը, եկեղեցու չափագրության դաշտային գծագրերը, որոնք հեղինակը կատարել է 1905-1906 թվականներին՝ հուշարձանի պեղումներին զուգահեռ: Եկեղեցու վերակազմությանը պատկանող 6 գծագրերը, որոնք Թորամանյանը ուղարկել է Ն. Մառին, ընդգրկվել են Պետերբուգի Հնագիտական ընկերության ընդհանուր ժողովում և Հայոց եկեղեցական խորհրդում հնչած Մառի զեկույցներում: 1907 թվականին Մառը հրատարակել է Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցու պեղումների արդյունքները, որտեղ դարձյալ ներկայացրել է Թորամանյանի գծագրերը: 1913 թվականին Թ. Թորամանյանը հայկական ճարտարապետության մասին համատեղ գրքի հրատարակման նպատակով Վիեննայում,այլ գծագրերի հետ մեկտեղ, Յո. Ստրժիգովսկուն է հանձնել նաև Գագկաշենին վերաբերող բոլոր գծագրերը, որոնց մի մասը հետագայում չի վերադարձվել և այժմ կորած է համարվում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում Անիի Ս. Գրիգոր եկեղեցուն վերաբերող Թ. Թորամանյանի կատարած գծագրերից պահվում են ինը թերթ բնագրեր, որոնցից երեքը վերակազմության մաքրագծերն են (ճակատ և կտրվածքներ՝ տուշով երանգավորված), չորսը՝ չափագրության սևագրեր (հատակագիծ ու մանրամասեր՝ մատիտով) և երկու անավարտ սևագրեր (հատակագծի մասեր՝ մատիտով): Թ. Թորամանյանի անձնական ֆոնդում պահպանվում են նաև ութ թերթ գծագրերի փոքրաչափ լուսանկարներ, որոնց բնագրերը չեն պահպանվել:

Պրակը կազմողները անհրաժեշտ են համարել նշված չափագրությունների փոքրաչափ լուսանկարները նույնպես ներառել պրակում՝ նպատակ ունենալով ընթերցողին հնարավորինս լիարժեք պատկերացում տալ հուշարձանի վերաբերյալ:

Թորոս Թորամանյանի «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին» գրքի III պրակը կազմողներն օգտվել են նաև Թորամանյանի երկհատորյակում ամբողջացված նյութերից, ուր տեղ են գտել հայկական պարբերականներում Թ. Թորամանյանի հեղինակած մի քանի թղթակցություններն ու Ն. Մառին ուղարկած Գագկաշենի վերակազմությունը հիմնավորող նամակ-բացատրագիրը:

Պրակում ներկայացված Թ. Թորամանյանի գծագրերը բարձրորակ են` համակարգչային ժամանակակից մշակման են ենթարկվել: Թորամանյանի չափագրումներն ու լուսանկարները կատարվել են հուշարձանի պեղումներից անմիջապես հետո՝ ավելի քան մեկ դար առաջ: Եկեղեցու չափագրություններից հինգ թերթ սևագիր գծագրեր ներկայացվում է առաջին անգամ: Գագկաշենի ավելի լավ պահպանված ու կանգուն հատվածների ուսումնասիրումը բանալի է նաև Զվարթնոց տաճարի վերակազմության հետ կապված շատ խնդիրների լուծման համար: