ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ-ՀԱՄԱԼԻՐ

Պետ. ցուցիչ 2.35.1.:

Ամրոց-համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ: Հուշարձանի թվագրման մասին գրավոր աղբյուրները լռում են: Պահպանված արձանագրությունները լույս են սփռում ամրոցի կառուցապատման և հետագա տասնամյակների ընթացքում իրականացված աշխատանքների վրա: Հիմնք ունենալով գիտական ուսումնասիրություններիը` տարածքում առաջին շինարարական կառուցապատումները վերագրվում են ուրարտական ժամանակաշրջանին, ապա՝ վաղ միջնադարից շարունակական հավելումներով ձգվում մինչև XIX դար:

Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է, որը հետագայում ամրացվել է աշտարակներով, այնուհետև տարբեր ժամանակաշրջաններում ամբողջապես պարսպապատվել է կրկնակի աշտարակավոր պարիսպներով:

Միջնաբերդ-դղյակ. ենթադրվում է, որ կառուցվել է ուրարտական շինության հիմքերի վրա` Կամսարական տոհմի կողմից VII դարում: Այն քառանկյուն հիմքով, միադահլիճ, աշտարակներով ամրացված եռահարկ շինություն է` կառուցված սրբատաշ կարմրավուն տուֆ քարից: Դահլիճը թաղածածկ է, պատերը ներսից սվաղված են եղել կրաշաղախով, հատակը` սալապատ: Պատուհաններ չեն եղել. լուսավորությունը ապահովվել է կտուրի երդիկների միջոցով:

1174 թվականին Անի Շադադյան Սուլթան իբն Շավարիի կողմից դահլիճի կողքերն ու անկյուններն արտաքուստ ամրացվել են բազմանկյուն և շրջանաձև հիմքերով, բրգաձև աշտարակներով: Հարավ-արևմտյան աշտարակի վրա պահպանվել է արաբատառ արձանագրություն, որից տեղեկանում ենք միջնաբերդ-դղյակում կատարված վերոհիշյալ շինարարական ամրացումների մասին:

Ի տարբերություն դահլիճի երդիկավոր լուսավորությանը՝ աշտարակների ներսի սենյակները ունեցել են լուսամուտներ: Միակ մուտքը բացված է հարավ-արևմտյան անկյունից, որը փակվել է քարե դռնով:

Աշտարակավոր պարսպապատ. Զաքարյան իշխանների առաջնորդությամբ միջնաբերդ-դղյակը (հեղ. Հովհաննես քարագործ, 1267թ.) բոլորվում է աշտարակավոր պարսպապատով` կառուցված կարմրավուն սրբատաշ տուֆ քարից: 10 մ բարձրությամբ պարսպապատը ունեցել է մեկ կամարակապ մուտք՝ բացված հարավային կողմից: Պարսպապատի քարերին դեռ պահպանվել են քարտաշ վարպետների նշանները:

1583 թվականին օսմանյան բանակի զորավար Վարհատ Փաշան՝ ելնելով ռազմատենչ ձգտումներից, վերակառուցում և նկատելիորեն ամրացնում է պարսպապատը:

Ամրոցապարիսպ. Նկատի ունենալով բնական պաշտպանվածությունից զուրկ լինելու հանգամանքը` Երևանի Սարդար Հուսեին խանը 1812 թվականին, միջնաբերդն ու այն բոլորող պարսպապատը պարփակում է ավելի հզոր՝ աշտարակներով հագեցված պարսպով, վերածելով այն անառիկ ամրոցի, զբաղեցնելով ավելի քան 20 հա տարածք: Կառուցված է կոպտատաշ՝ հիմնականում տուֆ քարից, հողաշաղախի համադրմամբ: Պատերը՝ աշտարակների հետ միասին, բավականին հաստ են և բարձր: Ամրոցապարիսպը հիմքում ութանկյուն պատկեր է հիշեցնում, որի անկյուններից վեր են խոյանում մեծածավալ աշտարակները: Աշտարակներից 7-ը նիստավոր են, իսկ 8-րդը, որտեղից ամրոցի գլխավոր, լայնաթռիչք կամարակապ մուտքն է բացվում, հիմքում ունի շրջանագիծ բնույթ: Վերևից ամբողջ եզրագծով բացված են նեղ պատուհաններ, որպես հրակնատներ: Ամրոցապարիսպն ունի երկրորդական փոքր մուտք՝ հարավ-արևմտյան աշտարակի կողմից: Աշտարակները օգտագործվել են, որպես մթերանոցներ:

Եկեղեցիներ. Ամրոցի տարածքում եղել է երկու եկեղեցի: Դրանցից մեկը չի պահպանվել: Կառույցի որմնաքարին պահպանվել է ս. Սարգիս անվամբ և 1018 թ. արձանագրություններ: Եկեղեցին կառուցված է եղել դղյակը բոլորող պարսպապատի հարավ-արևելյան աշտարակի հարավային կողմում, այն քանդվել է XX դարի երկրորդ տասնամյակի ընթացքում` բնակելի տներ կառուցելու համար:

Երկրորդ եկեղեցին կանգնած է պարսպապատից հյուսիս-արևելք: Կառուցվել է X դարում կարմրավուն սրբատաշ տուֆ քարից: Միանավ, սրահատիպ թաղածածկ, երկթեք սալածածկ տանիքով փոքր կառույց է՝ մուտքերը արևմտյան և հարավային կողմերից:

Գաղտնուղի. Սկիզբ է առել հարավ-արևմտյան պարսպապատի միջնամասից և դուրս եկել ամրոցից արևմուտք ընկած ձորակը: Թվագրվում է XI-XIII դարերով: Կառուցված է եղել բազալտե խոշոր սալաքարերից, այնուհետև՝ քողարկվել մանր քարերով:

Վերականգնումներ և պեղումներ. Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը:

1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

2005-2007թթ. մասնակիորեն վերականգնվել են միջնաբերդը և արտաքին պարսպապատերը, Միլանի հայկական մշակույթի ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ պեղվել են Զաքարյանների կառուցած պարսպի գլխավոր, կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները: 2006թ. եկեղեցին հիմնովին վերականգնվել է: 2011-2012, 2015 թթ. ամրոցի արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում` միջնաբերդի և պարսպապատի միջև, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից իրականացվել են պեղումներ: 2015 թ. ամրոց-համալիրի տարածքում կատարվել են օտար կառույցներից մաքրման աշխատանքներ:

Օգտագործված գրականություն
1. Ս. Գ. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963 թ.
2. Հ. Ա. Եղիազարյան, Ներքին Թալին գյուղի ս. Քրիստափորի ավան վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները, «Էջմիածին», № 8, 1971 թ.
3. Կոնստանդին Հովհաննիսյան, Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը Սովետական Հայաստանում, Երևան, 1978 թ.
4. Եսայի Ասատրյան, Թալինի շրջանի հուշարձանները, Երևան, 2004 թ.
5. http://hy.blackseasilkroad.com/ Դաշտադեմի ամրոց
6. http://armenpress.am/ Իրականացվում է Դաշտադեմի ամրոցի պահպանման նախագիծը
7.http://armheritage.sci.am/ Դաշտադեմի ամրոց պեղումները Ալեքսանյան Տ. (ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»,ՊՈԱԿ, Հայաստան)