Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացել է արդեն ամենամյա «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Ինչպես և այս տարի իրականացված ցանկացած կրթամշակութային ծրագիր և միջոցառում, երեկոն ևս նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գառնու տաճարն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ այցելուների:
Պարային կատարումներով հանդես են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի Հայորդյաց տան պարային համույթի և Վանաձորի «Հորովել» մանկապատանեկան համույթի սաները /գեղ. ղեկավար և պարուսույց` Արմենուհի Դիլանյան/:
Համերգ-միջոցառումը բաղկացած էր երկու` համերգային և պարուսուցման փուլերից: Շուրջ երկու ժամ տևած միջոցառման ընթացքում պարային համույթների կատարողները ներկայացրել են շուրջ երկու տասնյակ ազգագրական և ժողովրդական պարեր, հնչել են հայրենասիրական երգեր: Ներկայացվել է նաև Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը և հայկական ավանդական պարերի դերը, նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում և սովորույթներում: Կազմակերպվել է պարուսուցում այցելուների համար:
Միջոցառման ավարտին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման ասպարեզում ցուցաբերած գործուն մասնակցության համար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվոգրով է պարգևատրվել պարային համույթների գեղարվեստական ղեկավար և պարուսույց Արմենուհի Դիլանյանը: