ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2021-11-17T14:09:49+00:00 10/03/2016|Գեղարքունիք, Լրահոս|

ՊՄՊ Գեղրաքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Հուշարձաններ-պատմություններ» թեմայով բաց դաս է անցկացվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի VIII դպրոցում: Նպատակը դամբարանադաշտերի, կիկլոպյան ամրոցների, ավերակ վանքերի, խաչքարերի վիմագրությունների վերծանման միջոցով մեր պատմամշակութային ժառանգության վերաբերյալ պատանիների գիտելիքները հարստացնելն է: Բաց դասի ընթացքում դպրոցականներին պատմել են նաև հնագիտական պեղումների ու դրանց նշանակության մասին: ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանի խոսքերով՝ հայտնաբերված հազարամյա պատմություն ունեցող գտածոները վկայում են, որ տարածքը, որտեղ ապրում են իրենք, մարդկության հնագույն բնակավայրերից մեկն է:

Խոսելով դարերի ընթացքում հայ ժողովրդի կերտած հարուստ և մնայուն մշակութային ժառանգության մասին՝ Շ. Հակոբյանը նշել է. «Հայկական մշակույթը իր պատմություն մեջ երբեք մեկուսացված չի եղել, միշտ զարգացել է համաշխարհային մշակույթին միահյուսված: Մեր պատմամշակութային հուշարձանները հայ ժողովրդի դարերով կուտակած ձեռքբերումն է, որը կարելի է բնութագրել, որպես մտքի, տաղանդի, հանճարի արգասիքի ու գեղեցկության նուրբ զգացողության արտացոլում: Խնամքով և հոգածությամբ պետք է պահպանենք մեր հուշարձանները և փոխանցենք հետագա սերունդներին, որպեսզի նրանք ևս հպարտությամբ կարողանան պատմել մեր ձեռակերտ մատյանների, մեր տաճարների, մեր ամրոցների ու դպրության կենտրոնների մասին»:

Հացառատ թաղամասի VIII դպրոցի աշակերտների և դասղեկ Ա. Խաչատրյանի նախաձեռնությամբ բաց դասին հաջորդել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Աշակերտներին հաջողվել է բավականին ներդաշնակ ներկայացնել մեր ռազմարվեստի հմտություններն ու մշակութային ժառանգությունը: