ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2016-04-28T12:55:21+00:00 20/04/2016|Լրահոս|

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում օրերս տեղի է ունեցել «Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012թթ.» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը և միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակը:

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը իր խոսքում նշել է, որ հանրապետության ողջ սահմանի երկայնքով թշնամու հարձակման արդյունքում բռնկված քառօրյա պատերազմը վերադասավորումների ու փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել նախանշված ծրագրերում: Ս. Շահվերդյանը հայտնեց, որ օրերս ԼՂՀ հարավային սահմանները հսկող զինվորները զբոսաշրջության վարչությանն են փոխանցել խրամատներ փորելու ժամանակ հայտնաբերված ծիսական անոթ, ինչն ասես յուրօրինակ ազդակ դարձավ` ծրագրված աշխատանքները հետագայում շարունակելու համար:

Խոսելով հրատարակված ժողովածուի մասին «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիանա Միրիջանյանը նշեց, որ ձեռնարկը հասցեագրված է հանրության` հնագիտական ժառանգության պահպանությամբ մտահոգ հատվածին: Կարևոր է նաև, որ Արցախում տեղի ունեցող հնագիտական պեղումների բացառիկ արդյունքների մասին տեղեկանան ոչ միայն մասնագետները, այլև` հայկական պատմամշակութային արժեքներով հետաքրքրված անձինք:

Գրքում ներկայացված հոդվածները վերաբերում են Արցախի Ազոխի քարանձավում, Կերենի դամբարանադաշտում, Տիգրանակերտում, Կարկառ քաղաքատեղիում, Դադիվանքում, Տողի մելիքական ապարանքում և մի շարք այլ հնագիտական վայրերում 2011-12թթ. իրականացված պեղումների արդյունքներին: Գիտական հոդվածներն համապարփակ տեղեկատվություն են հաղորդում Արցախի նյութական և հոգևոր մշակույթի, տնտեսության, կյանքի ու կենցաղի տարբեր կողմերի մասին: Տողի մելիքական ապարանքի հնագիտական պեղումներին վերաբերող հոդվածը ներառում է 2009-2011թթ. աշխատանքները:

Շնորհանդեսին հաջորդել է արշավախմբերի ղեկավարների` 2015թ. ընթացքում իրականացված հնագիտական աշխատանքների հաշվետվությունը: